Հայերն ինքնապաշտպանական ջոկատներ են կազմել (տեսանյութ)
Լիբանանեան LBC միջազգային հեռուստաընկերությունն օրերս տեսանյութ է ցուցադրել Իրաքյան Քուրդիստանի հայաբնակ Հավրեսք գյուղի բնակիչների ինքնապաշտպանության մասին: Գտնվելով վտանգի գոտում՝ հավրեսքահայերը չեն սպասում որևէ աջակցության և անձամբ են ստանձնել իրենց ինքնապաշտպանությունը: «Իսլամական պետության» կամ այլ խմբավորման հնարավոր վտանգներից ու հարձակումներից գյուղի բնակչությանը պաշտպանելու համար նրանք ջոկատներ են կազմել:
LBC հեռուստաընկերության տեսանյութում երևում է, որ հավրեսքահայերը, որ հիմնականում հողագործներ են, հողագործի իրենց հագուստները փոխարինել են զինվորական շորերով և ֆիդայական ջոկատներով օրնիբուն շրջում են գյուղի մերձակայքում: Նրանք գյուղի միջոցներով գնել են զենք, զինամթերք և գյուղապետի գլխավորությամբ ամեն օր մարտական պատրաստություն են անցկացնում գյուղի մերձակայքում: Նրանք հայտարարել են, որ գյուղի վրա հարձակման դեպքում, այլ գյուղերի և քաղաքների բնակիչների պես, չեն հանձնվելու և չեն լքելու իրենց գյուղը և պայքարելու են մինչև վերջ:
Ինչպես հայտնի է՝ Իրաքի Հավրեսք գյուղը համարվում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող չորս հայկական գյուղերից մեկը (մյուս երեք հայկական գյուղերն են Սիրիայի Քեսաբը, Լիբանանի Այնճարը և Թուրքիայի Վագըֆը): Հավրեսքում այսօր բնակվում է 90 ընտանիք, բնակչության թիվը հասնում է մոտ 600-ի:
Հավրեսք գյուղը հիմնվել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից, ազգային-ազատագրական շարժման գործիչ, խմբապետ Լևոն Շաղոյեանի ջանքերով՝ 1920-ականներինգ 1970-ական թվականներին իրաքյան բանակի և քրդական զինյալ խմբավորումների միջև բախումների հետևանքով գյուղի հայ բնակչությունը գաղթել է, և Հավրեսքը վերահիմնվել է 2005-ին՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցութեան անդամ Սարգիս Աղաջանի ջանքերով, որը համակարգում էր քրիստոնյա փոքրամասնությունների հետ քրդական վարչակարգի աշխատանքները:
Հենց քրդական աջակցությամբ էլ Հավրեսքում հայերի համար 2005 թվականին կառուցվել է 115 տուն: Վերաբնակվող հայերը եկել են Բաղդադից, Բասրայից և Մոսուլից, նրանք գյուղում ունեն հայկական եկեղեցի (որ ընդամենը մի քանի տարի առաջ է կառուցվել), հայ գյուղապետ, հայկական կառույցներ, իսկ հավրեսքահայերը, իրենց գյուղի անունը հայկականացնելով՝ այն կոչել են «Հայ Վրեժ»:
Հայաբնակ Հավրեսքը գտնվում է Մոսուլ քաղաքից (որտեղ հայ բնակչության թիվը նույնպես զգալի էր մինչև վերջին դեպքերը) 70 կմ հեռավորության վրա:
Ամիսներ առաջ մամուլը ահազանգ հնչեցրեց նաև Մոսուլի հայության վերաբերյալ. ինչպես հայտնի է՝ Մոսուլն այժմ գտնվում է «Իսլամական Պետութեան» (ISIS) իշխանության տակ: Գրավումից հետո Մոսուլի բնակիչները, այդ թվում՝ այնտեղ բնակվող 65 հայ ընտանիք, լքել են իրենց տները և գաղթել Իրաքի այլ շրջաններ:
Ի դեպ, Մոսուլի հայերը, եզդիների զանգվածային սպանություններից հետո, վախի մեջ են և իրենց ծխատեր քահանայի միջոցով վերջին շաբաթների ընթացքում բազմիցս բարձրաձայնում են, որ ուզում են բնակվել Հայաստանում, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում: Այժմ մոսուլահայերն իբրև գաղթականներ՝ ապրում են Էրբիլի և այլ շրջաններում և զերծ չեն Իրաքի այսօրվա վտանգավոր ու պատերազմական իրավիճակից:
Նշենք, որ Իրաքում, մինչև իրաքյան պատերազմը, հայերի թիվը 25 հազար էր, սակայն վերջին տարիներին այդ թիվը տասնապատիկ նվազել է. հայերը՝ երկրի այլ ժողովրդների հետ, գաղթել են Իրաքից: