Բաժիններ՝

Քեմերոնը վերստին զգուշացրել է, որ անկախ Շոտլադիան չի կարող որպես արժույթ օգտագործել ֆունտ-սթեռլինգը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Շոտլանդիան դուրս գա Միացյալ թագավորության կազմից, ապա նրա տարածքում պետք է դադարեցվի բրիտանական ֆունտի գործունեությունը: Այս մասին այսօր Էդինբուրգում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նրա խոսքերով՝ չի գործելու Միացյալ թագավորության ու անկախ Շոտլանդիայի միջև արժութային միությունը, և դուրս գալով Մեծ Բրիտանիայի կազմից՝ շոտլանդացիներն ինքնաբերաբար հրաժարվում են նաև նրա արժույթից: Քեմերոնն ընդգծել է, որ ավելի շատ մտահոգվում է իր երկրի, քան՝ սեփական կուսակցության մասին:

Քեմերոնը հավելել է, որ համատեղ ստեղծված ազգերի միության (Մեծ Բրիտանիայի) փլուզումը կկոտրի իր սիրտը: Քեմերոնը զգուշացրել է, որ հանրաքվեի արդյունքներն առնչվելու են ոչ թե առաջիկա հինգ տարիներին, ինչպես որ խորհրդարանական ընտրությունների դեպքում է, այլ՝ մնացյալ բոլոր դարերին:

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հայտարարել է, որ չի մասնակցելու Շոտլանդիայի անկախության վերաբերյալ առաջիկա հանրաքվեի շուրջ հասարակական քննարկումներին:

Շոտլանդիայում անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին: Դրա արդյունքներով 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան կարող է հռչակվել անկախ պետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս