Դավիթ Հարությունյան. Համալիրի համար արդյունավետ կառավարիչ ենք փնտրում
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվաճառվի մասնավորի, իսկ գումարները կուղղվեն երկրի պաշտպանունակությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչ է լինելու համալիրի ճակատագրը: Լ.Սարգսյանի խոսքով՝ իր հարցմանն ի պատասխան հուլիսին ասել էին, որ համալիրի 100% բաժնետոմսերը Մուրադյան ընտանիքի մոտ են, բայց օրեր անց ՊՆ-ի հաշվեկշիռ փոխանցելու որոշումը կայացվեց:
«Մենք դեմ չենք, որ նման հոյակերտ կառույցը պետությանը լինի, բայց հարց է՝ ինչո՞ւ ոչ Մշակույթի կամ սպորտի նախարարություններին: Արդյոք դուք ավելի քի՞չ եք վստահում տվյալ նախարարություններին և լուրջ հիմնավորում ունե՞ք, որ մտնի ՊՆ»,- ասաց Լ.Սարգսյանը:
Դ.Հարությունյանը հավաստիացրեց, թե ավելի քիչ չեն վստահում, բայց ոչ ՊՆ-ն, ոչ էլ որևէ կառույց չի կարող արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը. «Դա պետք է լինի ձեռնարկատիրական գործունեություն: Շենքը բարվոք վիճակում չէր ու ձեռնարկատիրության շնորհիվ մասամբ վերականգնվեց: Փնտրելու ենք նոր սեփականատեր և գումարները գնալու են պաշտպանունակությանը: Արդյունավետ կառավարիչ ենք փնտրում»: