
Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վաղը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, ուր հանդիպումներ կունենա այդ երկրի առաջին դեմքերի հետ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Պլանավորված է, որ երկօրյա այցի շրջանակներում Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բացի այդ, տեղի է ունելու ընդլայնված կազմով երկու երկրների միջկառավարական պատվիրակությունների հանդիպում:
Գարիբաշվիլու պատվիրակության կազմում ընդգրկվել են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան և այլք:
2014 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական տվյալներով, Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում երկրորդ տեղում է: Հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալը կազմել է մոտ 685 միլիոն դոլա:
Դա 5 տոկոսով պակաս է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ: Ադրբեջանին է բաժին ընկնում Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության 10.6 տոկոսը: