Ինչու են քառյակի հետագա քայլերը քննարկում միայն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. պարզաբանում է Արմեն Մարտիրոսյանը

«Ժառանգությունը» չի մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև «Ժառանգությանը» հրավեր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել երեկ տեղի ունեցած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ գրասենյակում տեղի է ունեցել ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, և, ինչպես նշվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր:

Մեզ հետ զրույցում Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ դա առանձնահատուկ իրավիճակ չէ. «Շատ ողջունելի է, որ հանդիպել են, որևէ խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է, և, ամենայն հավանականությամբ, մենք ևս կհանդիպենք քառյակի ներկայացուցիչների հետ, որևէ խնդիր չեմ տեսնում»:

Հարցին՝ եթե քառյակին վերաբերվող հարցեր են քննարկվում, ինչո՞ւ դա միասնական չի արվում, Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Երկկողմանի քննարկումներ կարող են լինել, որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ»:

Կարդացեք նաև

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավոր այցով գտնվում է Թուրքիայում և այսօր երեկոյան կամ վաղը կվերադառնա. «Այնպես որ՝ ֆիզիկապես էլ ուղղակի հնարավոր չէր, որ եռակողմ կամ քառակողմ հանդիպում լիներ: Բայց որևէ խնդիր չկա, աշխատանքային նորմալ վիճակ է, անհրաժեշտություն են տեսել այդպես երկկողմանի հանիպել, հանդիպել են, խնդիր չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս