Ներդրվում են պնևմակոկային պատվաստումները

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

Այս նկատառումով սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով:

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջև։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը :

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ողջ աշխարհում, պնևմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Պնևմակոկային վարակների դեմ ամենարդյունավետ և տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը:

Ամերիկյան մայրցամաքի և եվրոպական երկրներում մինչ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնևմակոկերն էին: Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով:

Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը և նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը։

Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը եկող շաբաթվանից պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով համալրելու առիթով այսօր ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ ասուլիս ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ծրագրի ղեկար Գայանե Սահակյանի մասնակցությամբ։

ՀՀ Առողջապահության նախարարություն      

Տեսանյութեր

Լրահոս