Վարդան Այվազյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին. «Էդ մարդուն ճանաչում եմ, որպես ընգեր` ընդունում եմ»

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Վարդան Այվազյանն առաջին անգամ է լսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատվածությունների մասին և զարմացած է այն փաստից, որ Սուրիկ Խաչատրյանը մարզում վախի մթնոլորտ է ստեղծել, և այժմ սյունեցիները սարսափում են հեռանկարից, որ Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնից ազատելուց հետո նա վերստին կարող է դառնալ Սյունիքի մարզպետ:

Այսօրվա ասուլիսում Այվազյանն ասաց` նրա վերադարձին դեմ լինել-չլինելու խնդիր չի տեսնում և, կարծում է, որ Սյունիքի մարզում կառավարության կողմից դրված խնդիրները պետք է կատարի նա, ով ունակ է:

«Ի՞նչ վախի մթնոլորտի մասին կարող է լինել խոսքը: Պարոն Խաչատրյանն ինձ շատ մտերիմ անձնավորություն է, և ես չեմ տեսել, որ նրա տեսքը, շարժելաձևը որևէ մեկի նկատմամբ վախ առաջացնի: Եկեք դուրս գանք այդ կարծրատիպերից»,- նշեց Այվազյանը:

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, Այվազյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն փաստի մեջ, որ Վահե Հակոբյանը տեղափոխվել է Ջրային պետական կոմիտեի ղեկավար, քանի որ, իր խոսքով, դա շատ ավելի խոշոր կառույց է, քան Սյունիքի մարզպետարանը:

Կարդացեք նաև

Երբ լրագրողներից մեկը նկատեց, որ Ս. Խաչատրյանից սարսափելու պատճառը հավանաբար այն է, որ նա 1975-99 թթ. մի քանի անգամ դատապարտվել է խուլիգանության, գողության և այլ հանցանքների համար, հանրապետական Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ոնց որ ինչ-որ մեկի հիշողության մեջ շաքարի կորստի պակաս կար, որ մոռացել էր, որ ինքը երկար ժամանակ մարզպետ էր աշխատում: Հիմա, չգիտես ինչու, երբ նա մարզպետ է նշանակվում, բոլորը հիշեցին նրա անցյալը: Էն ժամանակ չէին ասում, որ նոր մարզպետ նշանակվեց: Ես առաջին անգամ եմ իմանում էդ իրա ամբողջ, ասենք, «послужной список»-ը: Էդ մարդուն ճանաչում եմ, որպես ընգեր` ընդունում եմ, չեմ էլ հրաժարվում որևէ մեկից»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, խոսելով հարցի շուրջ, ափսոսանք հայտնեց երիտասարդ կադր Վահե Հակոբյանի պաշտոնն իջեցնելու կապակցությամբ` նշելով, որ ինքը հավատում է սերնդափոխության գաղափարին և ուրախանում, երբ երիտասարդ կադրերն առաջխաղացում են ունենում. «Ինձ թվում է` գոյություն ունի ներքին սերնդափոխության «կռիվ», այդ խնդիրը, որտեղ կա պայքար երիտասարդ սերնդի և, այսպես ասած, հին գվարդիայի միջև: Ունենք այն, ինչ ունենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս