
Էրդողանն Օլանդի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցը

Լիբանանյան «Ազդակ» թերթը, վկայակոչելով Ստամբուլի «Մարմարա» հայկական թերթը, հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Էրդողանը զգուշացրել է Օլանդին՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման հետ: Դրանից անմիջապես առաջ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել:
Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:
Պատգամավորը նշել է, որ այն դեպքում, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է երկու ցեղասպանությունները՝ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, միայն Հոլոքոստի մերժումն է երկրում պատժելի: Նա համոզված է, որ այս անարդար իրավիճակը պետք է փոխվի: