Ստեփան Դեմիրճյան. Ո՞վ է առ այսօր պատասխան տվել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների համար

Երկրի առջև կանգնած խնդիրները չեն սահմանափակվում քառյակի կողմից իշխանություններին ներկայացված 12 կետերով։ Ինչպես այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ կուտակված խնդիրները շատ են և դրանք առաջին հերթին պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ և ապաշնորհ կառավարմամբ։

«Կարևորագույն խնդիր է անպատժելիության և ամենաթողության վերացումը։ Ո՞վ է առ այսօր պատասխան տվել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների համար և ո՞վ է հավատում, որ ցանկության դեպքում այդ ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել»,- ասաց նա։

Ըստ Ս.Դեմիրճյանի՝ Վերահսկիչ պալատի վերջին զեկույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն. «Այս ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը, սպանում է մարդկանց հավատը պետության նկատմամբ և նպաստում արտագաղթին։ Ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին, քանի դեռ մեր երկրում իշխանությունը չի ձևավորվում համաձայն Սահմանադրության՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Ինչ-որ արատավոր ավանդույթ է ձևավորվում՝ ոտնահարելով Սահմանադրությունը բռնազավթել իշխանությունը և հետո իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ընդ որում՝ նույնպես կեղծիքներով։ Ակնհայտ է, որ անիմաստ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, քանի դեռ չի իրացվում Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը։ Անհրաժեշտ են իրական փոփոխություններ և ոչ թե արհեստական օրակարգեր: Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված և սահմանադրությունը հարգող իշխանություն»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս