Անկարելի է զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի ու Ղրիմի միջև. Ֆյուլե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաքվում մասնակցել է «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական չորրորդ հանդիպմանը:

Հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Ֆյուլեն հիշեցրել է, որ Ադրբեջանը ներկայումս նախագահում է ԵԽ-ի արտգործնախարարների խորհրդում, և որ Եվրոպան Բաքվից ակնկալում է եվրոպական արժեքների ավելի մեծ պաշտպանություն:

Ադրբեջանցի լրագրողները Ֆյուլեին հիշեցրել են, որ «Ղրիմի համար պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, մինչդեռ նույնը չի կարելի ասել Ղարաբաղի համար Հայաստանի պարագայում»:

Ի պատասխան՝ Ֆյուլեն հայտարարել է, որ անկարելի է զուգահեռներ անցկացնել Ղրիմի ու Ղարաբաղի միջև՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը վերացնում է այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը:

Նա հավելել է, որ ԵՄ-ը ջանքեր է ներդնելու սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ. «Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա նրա համար կան միջազգային շրջանակներ, և որ ԵՄ-ն աջակցում է այդ ջանքերին: Հարցի լուծումը կախված է կողմերի կամքից, և ԵՄ-ին իր կողմից պատրաստ է աջակցել նրանց»:

Տեսանյութեր

Լրահոս