Նոյեմբերի սկզբին կգործարկվի «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց» երկաթուղին
BNews.kz-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի նոյեմբերին գործարկվելու է «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց» երկաթուղին: Այս մասին նշված է Ղազախստանի ու Իրանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Հասան Ռոուհանիի համատեղ հայտարարությունում:
Նազարբաևը հայտարարել է. «Սա Իրանի նախագահ պարոն Ռոուհանիի առաջին պատմական այցն է մեր մայրաքաղաք: Մենք կարծիքներ ենք փոխանակել հարցերի լայն շրջանակի շուրջ և կոնկրետ պայմանավորվածությունների ենք եկել երկկողմ հարաբերություններում:
Մենք հատկապես քննարկել ենք տերմինալների հարցը, որոնք կառուցվելու են Կասպից ծովի ափին՝ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց» երկաթուղու շահագործման հետ մեկտեղ: Երկաթուղին հնարավորություն է տալիս փոխադրել 10 միլիոն տոննա բեռ:
Դա շատ կարևոր է, և այդ երկաթուղու միջոցով Իրանը կարող է դուրս գալ ռուսական ու չինական տիրույթներ: Մենք դուրս կգանք դեպի Պարսից ծոցի բոլոր երկրներ: Այդ ճանապարհը հանդիսավոր կբացվի այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակին: Այսօր կարևոր է Ղազախստանի միջազգային նախաձեռնություններին իրանական կողմի աջակցությունը»:



