
Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պնդում են Դոենցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում անկախություն ստանալու շուրջ: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոյի այն հայտարարությունը, որ Դոնբասի տարածքի 1/3-ը Ուկրաինայի տարածքային ամբողջականության կազմում կստանա հատուկ կարգավիճակ՝ Պուրգինն ընդգծել է, որ իրենք հաստատակամ են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում ինքնորոշվելու իրենց դիրքորոշման մեջ:
ԼԺՀ-ի ղեկավար Իգոր Պլոտնիցկին իր հերթին հայտարարել է, որ ԼԺՀ-ը մտադիր չէ Կիևին հանձնել իր և Ռուսաստանի միջև ընկած տարածքի վերահսկողությունը: Պլոտնիցկին անթույլատրելի է համարել խաղաղ գոյակցության մասին որպես պայամանագիր ստորագրված մինսկյան արձանագրությունն իրենց դեմ շրջելը:
Պլոտնիցկին հայտարարել է, որ կյանքի չեն կոչվելու իրենց մեկուսացնելու ու խեղդելու մասին պլանները, և որ իրենք եղբայրական Ռուսաստանի հետ իրենց սահմանները չեն հանձնի թշնամու վերահսկողությանը: Պլոտնիցկին հավելել է, որ շուտով ողջ աշխարհը կտեսնի, որ առանց Դոնբասի, Ուկրաինան դատապարտված է զանգվածային աղքատության ու դեգրադացման: