ԱՄՆ պետդեպարտամենտը պարզաբանում է պահանջել Ադրբեջանից՝ կապված Սայիդ Նուրիի գործի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացի Սայիդ Նուրիի գործով շփման մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ:

Այս մասին երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից երկիրը լքելու հարցում Սայիդ Նուրիին խոչընդոտելը.

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում լիակատար պարզաբանում տալ Սայիդ Նուրիին, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Մենք մշտական շփման մեջ ենք նրա հետ և նրան ապահովում ենք հյուպատոսային ամեն հնարավոր օգնությամբ»:

Ադրբեջանի նախկին բնակիչ, ԱՄՆ քաղաքացիություն ստացած Սայիդ Նուրիին նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնելիս ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում: Ադրբեջանի դատախազությունը դա պատճառաբանել էր քրեական գործի առկայությամբ, որով Նուրին անցնում է որպես վկա: Հայտնի չէ, թե ինչ գործի մասին է խոսքը և որքանով է այն կապված Նուրիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս