Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վրաստանի համար ամենահաջողն էր՝ սկսած 2008 թվականից. Զալկալիանի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վրաստանի համար ամենահաջողն է 2008 թվականից հետո, երբ հայտարարվեց, որ երկիրը դառնալու է դաշինքի անդամ: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.

«Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ամենահաջողն էր 2008 թվականից սկսած, երբ Վրաստանը ստացավ հիրավի զգալի արդյունքներ: Առաջին հերթին անհրաժեշտ է ընդգծել, որ այս գագաթաժողովում ՆԱՏՕ-ն ճանաչեց Վրաստանի զգալի առաջընթացը՝ ժողովրդավարության զարգացման, զինված ուժերի արդիականացման ու պաշտպանական ինստիտուտները բարեփոխելու տեսանկյուններից:

Վրաստանը ողջունում ու կիսում է դաշինքի գնահատականը, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն փոխգործակցության անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն վերջնական նպատակի՝ դաշինքին անդամակցելուն»:

Սեպտեմբերի 4-5-ին Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հաստատվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանն աջակցող միջոցների փաթեթը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով այն, որ ՆԱՏՕ-ն շարունակ հրաժարվում է Վրաստանին հատկացնել դաշինքին անդամակցելու գործողությունների պլան (MAP), հայտարարել էր, թե Վրաստանը 10 անգամ ավելի շատ է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան` նրա նոր անդամները:

Սաակաշվիլին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի (Ռասմուսենի) կողմից Վրաստանին առաջարկված մերձեցման այլընտրանքային փաթեթն էականորեն տարբերվում է MAP-ից, և ստեղծված իրավիճակը համեմատել էր նրա հետ, երբ մարդուն հրավիրում են ճաշի, սակայն փոխարենը նրան տալիս են «չուփա-չուփս»:

Տեսանյութեր

Լրահոս