Պենտագոնի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահի, վարչապետի ու Գլխավոր շտաբի պետի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հետ: «Չանքայա» նախագահական նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 70 րոպե:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Վիլսոնը:

Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Հեյգելը հանդիպումից առաջ այցելել է Անըթքաբիր (Քեմալ Աթաթուրքի դամբարան): Հեյգելին վարչապետական նստավայրում ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դռնփակ այդ հանդիպումը տևել է 45 րոպե:

Հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ Սիրիա, Լիբիա, Իրաք և Ուկրաինա: Քննարկվել են նաև Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված որոշումները:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքն իր հերթին հայտնել է, որ երեկ Չաք Հեյգելի հետ հանդիպել է նաև Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը: Այս հանդիպման մանրամասների մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս