Ֆյուլեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան Բաքվում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Ֆյուլեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների փաստերի ու ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «ԵՄ-ը հիացած է ձեր ջանքերով՝ չնայած առկա սահմանափակումներին:

Մենք ուշադիր հետևում ենք քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների շուրջ տիրող իրավիճակին: Մենք բազմիցս մտահոգություն ենք հայտնել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների, ինչպես նաև մեծ թվով ազդեցիկ քաղաքացիական ակտիվիստների կալանավորումների կապակցությամբ»:

Ֆյուլեն ընդգծել է հասարակական քննարկումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, առանց որոնց գոյություն չունի կայուն դեմոկրատական հասարակություն: Ֆյուլեն հավելել է, որ ԵՄ-ը որոշել է 3 միլիոն եվրո հատկացնել քաղաքացիական հասարակության աջակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս