Թուրքիայի ու ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները համատեղ կհետաքննեն «զուգահեռ պետության» գործը. Էրդողան

CNN Türk-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 5-ին Ուելսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «զուգահեռ պետության» (գյուլենական շարժման) հարցը:

Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իրենցից անհրաժեշտ փաստաթղթեր է պահանջել այդ «զուգահեռ պետության» մասին, և որ իրենք էլ ամերիկյան կողմին տրամադրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Թեև մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ու Օբաման քննարկել են Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի, Պաղեստինի հարցերը, այնուամենայնիվ, հանդիպման հիմնական ուշադրությունը հատկացվել է Թուրքիայում «զուգահեռ պետություն» ստեղծելու փորձերին.

«Մենք մանրամասնորեն քննարկեցինք այդ հարցը և եկանք այն եզրակացության, որ մեր անվտանգության ծառայությունները համատեղ կհետաքննեն տվյալ գործը: Այդ հարցում միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն նաև մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները:

Հուսով ենք, որ կլինեն կոնկրետ արդյունքներ: Սակայն այսօրվա դրությամբ նրանք մեզանից ցանկանում են այդ գործի մանրամասների մասին տեղեկատվություն»: Էրդողանը հավելել է, որ Օբամայի հետ պայմանավորվել է համատեղ երկխոսության շարունակման մասին`չբացառելով, որ իրենց հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ ԳԱ-ի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս