Իրանո՞ւմ, թե՞ Հայաստանում է Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ ձեռք բերել. դատարանի վերլուծությունը
Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով զատազրկման: Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ: Նշենք, որ դատարանի վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ. հրապարակումից մեկ ամիս անց այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:
Ինչում են մեղադրում Դավիթ Վարդանյանին
2013 թվականի հոկտեմբերի 15-ին նախաքննության մարմինը Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2013 թ. հոկտեմբերի 4-ի` ժամը 19:20-ից հոկտեմբերի 12-ի` ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 106 գրամ կշռով, հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցը պահել է ձեռքի պայուսակում և 2013 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 01:31-ին, մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, չպահպանելով մաքսային սահմանով թմրամիջոցների տեղափոխման հատուկ կանոնները, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով վերոնշված թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով` մաքսանենգություն (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) ու ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով՝ թմրամիջոցների ապօրի շրջանառություն առանց իրացնելու նպատակի (պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):
Ինչ ցուցմունք է տվել Դավիթ Վարդանյանը
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Վարդանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` միայն ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ դատարանի՝ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն: Իմացել է, որ հոր ընկերը` Կարապետ Գևորգյանը գտնվում է Մեղրիում և խնդրել է, որ վերջինս իրեն դիմավորի: Ագարակ քաղաքում հանդիպել է Կարապետ Գևորգյանին և քանի որ ուշ ժամ էր, որոշել են մնալ հյուրանոցում: Վերջինս քնել է, իսկ ինքը ժամը 24:00-ից հետո ծխախոտ գնելու նպատակով դուրս է եկել հյուրանոցից և քայլել գազալցակայանի ուղղությամբ:
Գազալցակայանում ծխախոտ է գնել և սուրճ խմել: Ժամը 04-ի սահմաններում գազալցակայան են եկել պարսկական համարներով երկու ավտոմեքենա: Ավտոմեքենաների պարսիկ ուղևորներից մեկի հետ խոսելիս հասկացել է, որ նրա մոտ թմրամիջոց կա: Վերջինիս տվել է 100 ԱՄՆ դոլար և գնել հաշիշ տեսակի թմրամիջոց: Վերադարձել է հյուրանոց և այդ թմրամիջոցից գործածել:
Ըստ դատարանի՝ Դավիթ Վարդանյանը նշել է, որ առավոտյան թմրամիջոցից մի կտոր պոկել է, փաթեթավորել ռետինե մատնոցի մեջ ու դրել գրպանը, իսկ մնացածը պահել պայուսակում: Տաքսի են կանչել ու Կարապետ Գևորգյանի հետ ճանապարհվել Երևան:
Քաջարան քաղաքի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան: Վախից ռետինե մատնոցի մեջ փաթեթավորված թմրամիջոցը կուլ է տվել: Իրենց բերման են ենթարկել ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղ իր պայուսակից հայտնաբերվել է նշված թմրամիջոցը:
Արձանագրություն են կազմել ու բացատրություն վերցրել, և քանի որ ինքը հայերեն լավ չի գրում, իր փոխարեն գրել է ոստիկանության աշխատակիցը, իսկ ինքը միայն ստորագրել է արձանագրության և բացատրության տակ: Նույն օրը տեղափոխել են Երևանի հիվանդանոց, որտեղ բժշկի միջամտությամբ օրգանիզմից դուրս է բերվել կուլ տված թմրամիջոցը:
Նշել է, որ ճիշտ է, թեպետ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում հայտարարել և բացատրության մեջ գրել է, որ ինքն այդ թմրամիջոցը ձեռք է բերել ԻԻՀ-ում ոմն Ֆարհադից, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդպես է նշել ոստիկանության աշխատակիցների թելադրանքով: Պնդել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ՀՀ-ում և այն մաքսանենգությամբ Հայաստան չի տեղափոխել:
Իր վճռում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նշել է. «Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Վարդանյանի ցուցմունքն այն մասին, որ թմրամիջոցը գնել է Ագարակ քաղաքի գազալցակայանում` ԻԻՀ քաղաքացուց, արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է առավել ծանր քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ»:
Ինչ ապացույցներով է դատարանը հիմնավորված համարել ամբաստանյալի մեղքը
1. Վկա Կարապետ Գևորգյանի ցուցմունքով, որ 2013 թ. հոկտեմբերի 11-ին անձնական գործերով գտնվել է Մեղրի քաղաքում: Երեկոյան զանգահարել է Դավիթ Վարդանյանի ընկերուհին և խնդրել դիմավորել նրան: Զանգահարել է և տեղեկացել, որ Դավիթ Վարդանյանն ԻԻՀ-ից վերադառձել է Հայաստան ու գտնվում է Մեղրիի մաքսակետում: Դիմավորել է նրան և քանի որ ուշ ժամ էր, գիշերել են Ագարակ քաղաքի □ՄԼ□ հյուրանոցում: Առավոտյան պարզվեց, որ անձնական օգտագործման ավտոմեքենան անսարքություն ունի, այդ պատճառով տաքսի է կանչել և Դավիթ Վարդանյանի հետ ճանապարհվել Երևան: Քաջարան քաղաքի մոտակայքում տաքսին կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցներն ու իրենց տարել ոստիկանության բաժին, որտեղ իրեն խուզարկել են և բացատրություն վերցրել: Հետագայում իմացել է, որ Դավիթ Վարդանյանի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել:
2. Վկա Գարիկ Մինասյանի ցուցմունքով, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության շենքում որպես ընթերակա մասնակցել է Դավիթ Վարդանյանի անձնական խուզարկությանը, որի ժամանակ վերջինիս պայուսակից ոստիկանները հայտնաբերել են սև զանգված: Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ այդ զանգվածը հաշիշ տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, այն գնել է Իրանում և տեղափոխել Հայաստան:
3. Վկա Աննա Մայիլյանի ցուցմունքով, որ աշխատում է Ագարակ քաղաքի գազալցակայանին կից գործող սրճարանում որպես մատուցողուհի: Սրճարանը գործում է ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Գազալցակայանի տարածքում ծխախոտ վաճառվում է միայն սրճարանում:
4. Վկա Արսեն Մկրտչյանի ցուցմունքով, որ աշխատում է □Վիլլա Գազ□ ՍՊ ընկերության գազալցակայանում որպես լիցքավորող: 2013 թվականի հոկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 11:00-ն, գտնվել է աշխատանքի վայրում: Այդ ընթացքում իրենց գազալցակայանի տարածք իրանական ավտոմեքենաներ չեն մտել, և առհասարակ իրանական ավտոմեքենաները գազալցակայանում չեն լիցքավորվում: Գազալցակայանի տարածքում ծխախոտ վաճառվում է միայն գազալցակայանին կից սրճարանում, որը բաց է մինչև ժամը 22.00-ն: Նշված գիշերն իրեն անծանոթ որևէ մեկը սուրճի ավտոմատ սարքից չի օգտվել:
5. Վկա Գոռ Մաթևոսյանի ցուցմունքով, որ աշխատում է «Վիլլա Գազ»ՍՊ ընկերության գազալցակայանում որպես հերթափոխի պետ: 2013 թվականի հոկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 11:00-ն, գտնվել է աշխատանքի վայրում: Այդ ընթացքում գազալցակայանի տարածք իրանական ավտոմեքենաներ չեն մտել, գազով չեն լիցքավորվել և ընդհանրապես իրանական ավտոմեքենաներ գազալցակայանում չեն լիցքավորվում: Գազալցակայանում կա սուրճի ավտոմատ սարք, որը դրված է իր աշխատասենյակի պատուհանի դիմաց: Նշված գիշերն իրեն անծանոթ որևէ մեկը սուրճի ավտոմատ սարքից չի օգտվել ու սպասասրահում չի նստել:
6. Որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության շտաբի ՀԿՀ ավագ տեսուչ Զորիկ Վարդանյանի ցուցմունքով, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին` կեսօրից հետո, Քաջարան քաղաքի մոտակայքից ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել Դավիթ Վարդանյանը: Անձնական խուզարկությամբ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրամիջոց: Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ այդ թմրամիջոցը ձեռք է բերել ԻԻՀ-ում ոմն Ֆարհադից` իր անձնական օգտագործման համար: Դավիթ
Վարդանյանը հայտնել է նաև, որ այդ թմրամիջոցից նաև կուլ է տվել: Նրան անմիջապես տեղափոխել են Երևան, որտեղ բժշկի միջամտությամբ նշված թմրամիջոցը դուրս է բերվել օրգանիզմից:
7. Որպես փորձագետ հարցաքննված` ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կազմ.մեթոդ և բարդ ԴԲՓ բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանի ցուցմունքով, որ ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ Էդուարդ Գրիգորյանի և ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքի վարիչ Ա. Սանահյանի հետ նշված քրեական գործով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության են ենթարկել Դավիթ Յուրիկի Վարդանյանին, որի արդյունքում տվել են թիվ 213/հձ եզրակացությունը:
Դավիթ Վարդանյանի կողմից կուլ տված ռետինե մատնոցների մեջ փաթեթավորված հաշիշանման զանգվածը նրա սիգմայաձև աղու և ուղիղ աղիքի սահմանային հատվածում կհայտնվեր կուլ տալուց 24-ից 30 ժամվա ընթացքում, քանի որ միջին տարիքի մարդու մոտ սնունդը կամ օտար մարմինը բերանի խոռոչ մտնելուց հետո 24-ից 30 ժամվա ընթացքում է հասնում ուղիղաղիքային համակարգ:
Ըստ դատարանի՝ ամբաստանյալի կատարած հանցանքները հիմնավորվել են նաև նախաքննությամբ ձեռք բերված և դատական նիստում հրապարակված հետևյալ ապացույցներով.
1. Վկա Սամվել Պողոսյանի ցուցմունքով, որ աշխատում է «Իզմիրյան» ԲԿ-ում որպես բժիշկ-պրոկտոլոգ: 2013 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը գտնվել է տնային հերթապահության մեջ: Ժամը 01:00-ի սահմաններում օրվա պատասխանատուի կանչով եկել է հիվանդանոց, որտեղ ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է Դավիթ անունով մոտ 30 տարեկան մի երիտասարդ, ով թմրամիջոց էր կուլ տվել: Նրան զննելու ժամանակ հարցրել է թե ինչ է կուլ տվել, երբ և ինչ եղանակով: Դավիթ Վարդանյանը պատասխանել է, որ ռետինե մատնոցներով փաթեթավորել և կուլ է տվել հաշիշ տեսակի թմրամիջոց: Լուծողական մոմիկ է դրել վերջինիս, որից հետո ռետինե մատնոցն իր մեջ եղած պարունակությամբ դուրս է բերվել օրգանիզմից: Ոստիկաններն այդ թմրամիջոցը կշռել են, փաթեթավորել, կնիքել և կազմել արձանագրություն: Իր ներկայությամբ Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ թմրամիջոցը կուլ է տվել 3 օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում:
2. Վկա Կատյա Ազրիկյանի ցուցմունքով, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին հերթապահել է «Իզմիրյան» ԲԿ-ում: Հոկտեմբերի 13-ի գիշերը` ժամը 01:30-ի 02:00-ի սահմաններում, ոստիկանները հիվանդանոց են բերել մոտ 30 տարեկան մի երիտասարդի: Որպես ընթերակա մասնակցել է վերջինիս զննման գործողությանը: Բժիշկ Սամվել Պողոսյանը լուծողական մոմիկ է դրել այդ տղային: Մոտ 30 րոպե հետո նրա օրգանիզմից ռետինե մատնոցով պարունակություն է դուրս բերվել: Ոստիկաններն այդ թմրամիջոցը կշռել են, փաթեթավորել, կնիքել ու դրա վերաբերյալ կազմել արձանագրություն: Իր ներկայությամբ այդ տղան հայտարարել է, որ թմրամիջոցը կուլ է տվել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
3. Վկա Հայկ Հայրապետյանի ցուցմունքով, որ աշխատում է «Վիլլա Գազ» ՍՊ ընկերության տնօրեն: 2013 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ի հերթափոխում որպես հերթափոխի պետ աշխատել է Գոռ Մաթևոսյանը, լիցքավորող` Արսեն Մկրտչյանը և մեխանիկ` Սմբատ Ավագյանը: Գազալցակայանի տարածք իրանական ավտոմեքենաներ ընդհանրապես չեն մտնում և իրանական միկրոավտոբուսներ գազով չեն լիցքավորվում, քանի որ գազալցակայանում իրանական ավտոմեքենաներ լիցքավորման համար նախատեսված սարք չկա:
4. Դավիթ Վարդանյանի անձնական խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն` 12.10.2013 թվականին Դավիթ Վարդանյանի անձնական խուզարկությամբ վերջինիս պայուսակից հայտնաբերվել է 97.83 գրամ քաշով հաշիշանման զանգված, 7 հատ «Մուլտիվիտամին պլյուս միներալ» դեղահաբ, 8 հատ գազարագույն դեղահաբ և 2 հատ «Ացետամինոֆեն Կոդեին» դեղահաբ: Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերված 97.83 գրամ զանգվածը և դեղամիջոցները պատկանում են իրեն:
5. Դատաքիմիկ-փորձագետի եզրակացություններով, որոնց համաձայն`
- ամբաստանյալի պայուսակից հայտնաբերված և փորձաքննության ներկայացված 97.5 գրամ քաշով նյութը հանդիսանում է հաշիշ տեսակի թմրամիջոց:
- Երևանի «Իզմիրյան» բժշկական կենտրոնում բժշկի կողմից կատարված համապատասխան զննման և բժշկական միջոցառումների արդյունքում ամբաստանյալի օրգանիզմից հանված և փորձաքննության ներկայացված 7.0 գրամ քաշով նյութը հանդիսանում է հաշիշ տեսակի թմրամիջոց:
- ամբաստանյալի պայուսակից հայտնաբերված և փորձաքննության ներկայացված 1.5 գրամ քաշով նյութը հանդիսանում է հաշիշ տեսակի թմրամիջոց:
- 2013 թվականի հոկտեմբերի 13-ին ամբաստանյալի մեզի փորձանմուշում հայտնաբերվել են կանաբինոդների, ափիոիդային անալգետիկ մեթադոնի թմրալկալոիդներ և մետամֆիտամինների խմբի մետաբոլիտներ:
- 2013 թվականի հոկտեմբերի 13-ին ամբաստռանյալի` 1.0 սմ երկարությամբ մազի փորձանմուշում հայտնաբերվել են կանաբիոդների խմբի, ափիոիդային անալգետիկ մեթադոնի թմրալկալոիդներ և մետամֆիտամինների խմբի հետքեր:
6. Դատաբժիշկ-փորձագետի եզրակացությամբ, որի համաձայն` Դավիթ Վարդանյանի կողմից օտար մարմինը /ըստ գործի տվյալների ռետինե մատնոցների մեջ փաթաթված 7.0 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցը/ կուլ տալուց հետո այն ուղիղ աղիքի և սիգմայաձև աղու սահմանային հատվածում կհայտնվեր մոտ 24-30 ժամ հետո:
7. Իրեղեն ապացույց ճանաչված Դավիթ Վարդանյանի պայուսակից և վերջինիս ուղիղ աղիքում Երևանի «Իզմիրյան» բժշկական կենտրոնում` բժշկական միջոցառումների արդյունքում, հայտնաբերված և փորձաքննություններից հետո մնացած` 97.3 գրամ, 6.8 գրամ և 1.3 գրամ քաշերով «հաշիշ» տեսակի թմրամիջոցով:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել առաջին անգամ հանցանք կատարելը: Դատարանը նշել է, որ ամբաստանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված և դատապարտված չի եղել:
Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Առաջին ատյանի դատարանը վճռել է Դավիթ Վարդանյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 105.4 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:
Դատարանը նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վճռել է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 105.4 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Դատարանի վճռով՝ պատիժը կրելու սկիզբը հաշվվելու է 2013 թ. հոկտեմբերի 13-ից:
Դավիթ Վարդանյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը դատարանի վճռով թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատարանը վճռել է նաև Դավիթ Վարդանյանի նկատմամբ նշանակել արտահիվանդանոցային հարկադիր բուժում թմրամոլությունից:
Լուսանկարը՝ News.am-ի