«Հաց վաստակելու խնդիր չունեմ, ինչի համար էլ շնորհակալ եմ հայրիկիս». Հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյան

Հայկական հեռուստաալիքները լի են ժամանցային բնույթի հեռուստահաղորդումներով, շքերթներով, որտեղ ներկայացվում են ցանկալի հարսնացուների, փեսացուների և այլ «որակումներ» կրող հայտնի մարդկանց տասնյակներ, հնգյակներ… Սակայն, երբ տարիներ առաջ ի հայտ եկավ «Ամենից ամենա» հեռուստանախագիծը, այն իր բովանդակությամբ իսկ «սեփականաշնորհեց» մեր հայտնի դեմքերին տարբեր ցուցանիշներով՝ «ամենից ամենա» չափորոշիչով ներկայացնելը:
Սակայն քիչ հայտնի է, թե առհասարակ ո՞վ կամ ինչպե՞ս է որոշում, թե ո՞վ է «ամենից ամենան»: Ահա այդ և այլ թեմաների շուրջ և զրուցեցինք հաղորդման պրոդյուսեր և վարող Լիաննա Տեր-Մինասյանի հետ:

– Կպատմե՞ք, թե ինչպե՞ս ի հայտ եկավ նախագծի գաղափարը:

– 2009 թվականին, երբ եթեր դուրս եկավ ATV ալիքը, որն իր ֆորմատով պետք է լիներ ժամանցային, ես և Հրաչ Քեշիշյանը, որ այդ ժամանակ տվյալ հեռուստաալիքի գեղարվեստական ղեկավարն էր, որոշեցինք ստեղծել շքերթ-հաղորդում, որտեղ կընդգրկենք մեր հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Կընդգրկվեն անվանակարգեր և այդ անվանակարգերի շուրջ կհավաքվեն ամենից ամենաները: Գաղափարը բավականին հետաքրքիր էր, և մոտ կես ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո եթեր հեռարձակվեց «Ամենից ամենա» հաղորդումը, որը շատ արագ գտավ իր լսարանը: Իմ նպատակն էր՝ լինել մաքսիմալ անկեղծ և մատուցել միայն ամենաճշգրիտ ինֆորմացիան: Եվ բացի այդ, թե՛ ես, թե՛ հաղորդման ստեղծագործական խումբը յուրաքանչյուր հաղորդման մոտենում ենք այնպես, ասես այն առաջինն է:

Lianna-ATV (5)

Կարդացեք նաև

– Ի՞նչ չափանիշներով եք ընտրում հաղորդման մասնակիցներին, և ո՞վ կամ ինչպե՞ս է կազմում անվանակարգը՝ ըստ սանդղակների:

– Ամեն ինչ կախված է թեմայից՝ անվանակարգից: Կան թեմաներ, որոնց անդրադառնալիս մեր ստեղծագործական խումբը հարցում է անցկացնում փողոցում, համացանցում: Օրինակ, ամենից ամենա փեսացու, հարսնացու, լսվող երգեր, տեսահոլովակներ… Սակայն կան անվանակարգեր, որտեղ այդ ամենի մասին խոսում են հաղորդման պոտենցիալ մասնակիցները: Բացի այդ էլ, անձնական շփման ընթացքում ֆիքսում ես արդեն այդ փաստը և արդեն իսկ գիտես, թե կոնկրետ այդ թեմայի հերոսն ով է լինելու:

Մի խոսքով՝ դա մի կենդանի օրգանիզմ է, որտեղ յուրաքանչյուր թեմային ցուցաբերվում է յուրովի մոտեցում:

Lianna-ATV (1)

– Ըստ Ձեզ՝ հաղորդման մեջ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրություն առաջացնում. բովանդակությո՞ւնը, թե՞ հայտնիների մասնակցությունը հաղորդմանը:

– Լսելով բազում արձագանքներ՝ կարող եմ ասել, որ հեռուստադիտողներին հետաքրքիր է նախ՝ բովանդակությունը, այսինքն՝ այն տեղեկությունները, որոնք մատուցվում են հաղորդման մեջ, և մատուցման ձևը՝ թեթև, չպարտադրող, տեղ-տեղ՝ նաև հումորով:

– Հաղորդման շրջանակներում Դուք հանդես եք գալիս միայն որպես վարո՞ղ, թե՞ այլ մասնակցություն էլ ունեք:

– Ես ոչ միայն վարում եմ հաղորդումը, այլև հանդիսանում եմ հաղորդման պրոդյուսերը, սցենարի հեղինակը, նաև հետևում եմ բովանդակային, այսինքն՝ խոսքի մոնտաժին:

– Միայն դրական թեմաների՞ն եք անդրադառնում հաղորդման շրջանակներում: Միգուցե կա մտավախությո՞ւն, որ մեր «աստղերն» այլևս չեն ցանկանա մասնակցել հաղորդմանը:

– Չէ, ինչո՞ւ: Ես արել եմ նաև ամենից ամենավատ սովորությունները, վատ վարորդներ, ուշացողներ, բարդույթներ… Ամբողջ հարցը բացասական թեմայի մեջ չէ, այլ՝ մատուցման ձևի: Ես սկզբունք ունեմ՝ երբեք չվիրավորել իմ հաղորդման մասնակիցներին՝ վարկանիշ բարձրացնելու մտադրությամբ: Բացասական թեման ևս կարելի է մատուցել այնպես, որ և՛ հետաքրքիր լինի, և՛ չվիրավորի մասնակիցներին:

Lianna-ATV (4)

Եվ նրանք մեծ սիրով գալիս և պատմում են, օրինակ, թե ինչ վատ սովորություններ ունեն և ինչպես են այդ սովորություններն անդրադառնում իրենց հարազատների և մտերիմների վրա: Մի խոսքով, բացասական թեմայից ևս դրական շունչ է հորդում:

– Բացի հաղորդում վարելուց՝ է՞լ ինչպես եք «հաց» վաստակում:

– Բարեբախտաբար, հաց վաստակելու խնդիր չունեմ, ինչի համար էլ շնորհակալ եմ հայրիկիս: Բայց ժամանակ առ ժամանակ հետաքրքիր նախագծերի մասնակցում եմ:

– Կարո՞ղ եք հերքել այն կարծրատիպ դարձած կարծիքը, որ առանց քավոր-սանիկ հարաբերությունների՝ հնարավոր է լինել հեռուստահաղորդավարուհի:

– Կարող եմ ասել, որ քավոր-սանիկ հարաբերությունները կարող են բերել հեռուստատեսություն կամ ցանկացած այլ դաշտ, բայց դա տևական բնույթ չի կրի: Ուշ թե շուտ մարդիկ հասկանում են, թե ինչն ինչ արժե: Եվ եթե քեզանից ոչինչ չես ներկայացնում, ապա քո աստղը, վաղ թե ուշ, ինչ ասպարեզում էլ լինես՝ մարում է:

Lianna-ATV (6)

– Տիկնիկային կերպարդ համապատասխանո՞ւմ է ներաշխարհիդ, թե՞ դա հաղորդմանն է անհրաժեշտ:

– Յուրաքանչյուր ճիշտ մտածված նախագծի հաղորդավար պետք է ունենա կոնկրետ մտածված կերպար: Եթե ես կադրում խոսում եմ ամենից ամենաների մասին, ուրեմն ինքս պետք է լինեմ ամենից ամենա կերպար, ով ունի այդ իրավունքը՝ խոսելու ամենից ամենաների մասին:

Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մասին խոսի փողոցից բերած մի աղջիկ, ով ինքն էլ չգիտի՝ ինչպես իրեն պահել, ինչպես հագնվել, ինչպես խոսել… Ո՞վ կլսի նրան:

Կյանքում, բնականաբար, ես ավելի առօրեական եմ ՝ հարմար հագուստով, շպարով և սանրվածքով: Ինչ վերաբերում է ներաշխարհին, ապա այն, ինչպես եթերում, այնպես էլ եթերից դուրս անփոփոխ է: Մարդը չի կարող ներքուստ փոխվել: Արտաքնապես՝ որքան ասես, բայց ներքուստ՝ երբեք:

Lianna-ATV (2)

– Երևի նկատած կլինեք, թե որքան շատ են մեր օրերում գեղեցիկ, խելացի, բայց չամուսնացած աղջիկները: Նրանք, գոնե տարիքի բերումով, պետք է որ վաղուց կյանքի ընկեր ունենային, սակայն մեր ավանդական «ադաթ-նամուս» ասվածից ու հանրության դատից խուսափելու համար շարունակում են մենակ մնալ, քանի դեռ անձնագրում չկա օրինական ամուսնությունը վկայող կնիքը: Չե՞ք կարծում, որ այս, ինչ-որ առումով՝ նաև կեղծ ավանդապաշտությունը խանգարում է մեզ ապրել:

– Կարծում եմ ՝ ավանդույթները երբեք անհիմն չեն լինում: Եթե այն ստեղծվել է, ուրեմն ինչ-որ ժամանակ առաջ այն ունեցել է որոշակի իմաստ, նշանակություն, ի վերջո՝ պատճառ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդկանց զարգացման հետ զուգահեռ՝ ինչ-որ ավանդույթներ, թվում է, թե կորցրել են իրենց իմաստը: Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի երկրորդ կեսը, որին հնարավոր է, որ շուտ հանդիպի, հնարավոր է՝ ուշ: Երբեմն թվում է, թե հանդիպել ես քո կեսին, բայց որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ միայն թվում էր, կամ էլ ավելի վատ՝ ինքդ քեզ խաբում էիր:

Լավ է, երբ մարդ դա հասկանում է նախքան ամուսնությունը, երբ դեռ չկան երեխաներ… Քանի որ այդ ընտանիքը, ի վերջո, քանդվելու է, կամ ամուսնինները պարզապես «երեխայի խաթր» շարունակելու են իրենք իրենց տանջելով՝ ապրել մի տանիքի տակ:

Lianna-ATV (3)

– Ի՞նչն եք կարևորում տղամարդու մեջ:

– Տղամարդու մեջ կարևորում եմ այն բոլոր հատկանիշները, որոնցով օժտված է իմ հայրիկը: Տղամարդն առաջին հերթին՝ պետք է լինի իր խոսքի տերը, որ դու նրան վստահես քո կյանքը: Լինի քեզանից ամեն ինչով ուժեղ: Ինչո՞ւ եմ դա շեշտում, քանի որ մեր օրերում, ցավոք սրտի, նկատվում է հակառակը:

– Ի՞նչ հետաքրքիր նորություններ են սպասվում Ձեր հեղինակած հաղորդմանն ու հատկապես հաղորդավարուհուն՝ Ձեզ՝ նոր եթերաշրջանում:

– Նոր ու հետաքրքիր անվանակարգեր և բացահայտումներ: Հաղորդավարուհուն ևս, հուսամ, սպասվում են լավ իրադարձություններ: Սակայն այդ մասին կպատմեմ, միայն երբ այդ ամենը տեղի ունենա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս