Մաքսային միության ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտին կգործարկվի 2015 թվականին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մաքսային միության երկրների ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումն ընթանում է գրաֆիկի համաձայն, համապատասխան պայմանագիրը ստորագրվելու է 2015 թվականի սկզբին:
Այս մասին ռուս-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Նա հիշեցրել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից պետք է գործարկվի Եվրասիական տնտեսական միությունը և նրա անունից էլ կստորագրվի Վիետնամի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը:
Շուվալովն ընդգծել է, որ մնացել է լուծել մի շարք հարցեր, որոնցով զբաղվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը: Շուվալովը հավելել է, որ Ռուսաստանն ու Վիետնամը համաձայնության են եկել միմյանց միջև վճարումներն իրականացնել ազգային արժույթներով: