Վրաստանը ստացել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու նոր ձևաչափ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովում համաձայնեցվել է Վրաստանի հետ համագործակցության նոր ձևաչափի մասին որոշումը, որը նրան կօգնի նախապատրաստվել դաշինքին անդամակցելուն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը. «Մենք համաձայնեցրել ենք Վրաստանի համար էական միջոցների փաթեթը: Այն կօգնի երկրին առաջընթաց գրանցել դաշինքին միանալու պատրաստության հարցում»:
Միևնույն ժամանակ նոր ձևաչափը չի նախատեսում դաշինքին անդամակցում՝ որպես վերջնական նպատակ: Վրաստանից բացի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ձևաչափ են ստացել Հորդանանը, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրալիան, որոնք չեն նպատակադրվել անդամակցել ՆԱՏՕ-ին:
Բացի այդ, ՆԱՏՕ-ն համագործակցության նոր ձևաչափ է գործարկում արևելյան հարևանների հետ՝ «գործելուն պատրաստ լինելու պլան», որին մասնակցելու է նաև Վրաստան: