Որ քաղաքական ուժերը կսատարեն Ռոբերտ Քոչարյանին

«Եթե ուշադիր նկատեք, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներ է տալիս կա՛մ քաղաքական ցիկլի ամփոփման ժամանակ, կա՛մ նոր քաղաքական ցիկլից առաջ: Շատերը շատ լուրջ են վերաբերվում այդ հարցազրույցին»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին՝ ասաց «Նոր ազատական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ս. Սուրենյանցը նշեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին մի քիչ անձնապես ճանաչելով, կարող է ասել՝ նա մարդ է, «որը ջղային վիճակում է հայտնվում, երբ իր մասին մոռանում են». «Պարբերաբար այդ հարցազրույցներով հիշեցնում է իր գոյության մասին: Շատ հետաքրքիր հատկություններ եմ մեր երկրորդ նախագահի մոտ նկատում: Այս վերջին հարցազրույցի ամենամեծ շեշտը վերաբերվում էր ժամային գոտուն, հավանաբար, մյուս հարցազրույցի գլխավոր թեման կվերաբերվի կլիմայի փոփոխություններին: Այսպես շատ հետաքրքիր նոր թեմատիկ զարգացումներ կունենանք»:

168.am-ի հարցին՝ ձեր կարծիքով՝ ո՞ր կուսակցությունները կսատարեն Ռոբերտ Քոչարյանին, Ս.Սուրենյանցն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնալու, և Աստված չանի՝ վերադառնա: Ռ. Քոչարյանի վերադարձի բոլոր ճանապարհները փակվեց անցած տարի սեպտեմբերի 3-ին, և, կարծում եմ՝ մեր երկրորդ նախագահը այնքան խոհեմ է, որ վերադարձի մասին չի էլ մտածում: Մաքսիմում, ինչի մասին նա մտածում է՝ իր ազդեցությունը պահպանելն է: Ես չեմ կարող ենթադրություններ անել, թե ովքեր նրան կպաշտպանեն, բայց «Բարգավաճ Հայաստանն» իր համակրությունները չի թաքցնում երկրորդ նախագահի հանդեպ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» չի թաքցնում Ռ.Քոչարյանի հանդեպ իր համակրությունը, «Ժառանգությունն» այս հարցում չկողմնորոշված է, «Հայ ազգային կոնգրեսն» էլ իր զզվանքը չի թաքցնում: Չնայած, ՀԱԿ-ի մոտ սիրելն ու զզվելը շատ հարաբերական են՝ ըստ քաղաքական ցիկլի կարող է փոխվել: Շատ մարդիկ կային, որոնցից իրենք զզվում էին, իսկ հիմա նույն հարթակի վրա են»:

Ս.Սուրենյանցի խոսքով՝ հենց Ռ.Քոչարյանը ռեալ վերադարձի քայլեր կատարի, հասարակության զգալի մասը կդիմադրի. «Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա, ոչ թե հումանիստ է դրա համար, այլ չափից ավելի պրագմատիկ է»:

Կարդացեք նաև

Մեր այն դիտարկմանը, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ եթե քառյակը հասնի իշխանափոխության, ճանապարհ կհարթի Ռոբերտ Քոչարյանի համար, Ս. Սուրենյանցն այսպես արձագանքեց. «Նախ, ի՞նչ է քառյակը: Այնպես ենք խոսում, կարծես՝ խոսում ենք դաշինքի մասին: Այնտեղ ընդհանարպես դաշինքային որևէ հարաբերություն չկա: Պարբերաբար հանդիպում եմ քառյակի կուսակցությունների իմ մերձավոր ընկերների հետ: Հանդիպումների 90 տոկոսի ընթացքում մի կուսակցության ներկայացուցիչը մյուս 3-ին է քննադատում, այն մյուսը՝ մյուս 3-ին, և այլն: Այնտեղ տարբեր օրակարգ ունեցող քաղաքական ուժեր են, և մի՛ սպասեք, որ քառյակը շատ ակտիվ գործողություններ է անելու, ես նույնիսկ կասկածում եմ, որ միասնական հանրահավաք կանեն, որովհետև մեկը կողմ է սահմանադրական փոփոխություններին, մյուս 3-ը դրա անունը լսել չեն ուզում:

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ասում են՝ գնանք ամբողջական իշխանափոխության: Երբեք չեմ լսել, որ «Բարգավաճը» պահանջած լինի Սերժ Սարգսյաի հրաժարականը:

Ասում են՝ «լավ, Սերժ Սարգսյանի հրաժարականը չես պահանջում, ե՛կ, կառավարության հրաժարականը պահանջենք»: Հայաստանում պատկերացնո՞ւմ եք որևէ մեկը իր խնամու հրաժարականը պահանջի: Մի հատ անշառ թեմա կա, որի շուրջ իրենք կարող են համագործակցել՝ կուտակային կենսաթոշակային համակարգն է: Մեկ էլ ես մի բան եմ հիշում, որ ասել եմ: Պաշտոնանկությունից մի 2 ամիս առաջ Հայաստանի նախկին վարչապետի հետ էի հանդիպել, կատակով ասացի՝ քառյակը գոռում է իշխանափոխություն, բայց, ի վերջո, հասնելու է քո հրաժարականին: Այսինքն՝ այն օրերին նրանց միավորում էր Տիգրան Սարգսյանի անձը: Նման ընդդիմության համար Տիգրան Սարգսյանն իսկապես ափսոս էր, իրենք հասան նրան, որ իրենց ճաշակով վարչապետ հիմա ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս