Դեսպան Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում
Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման մեկնարկի տեսանկյունից՝ նա անդրադարձավ հիշյալ գործակալությունների ֆինանսական աղբյուրներին և դրանց բազմազանեցման հարցին։
Գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ առանձնահատուկ դերը՝ ՀՀ դեսպանը կարևորեց ներկայումս գործակալության կողմից Հայաստանում իրականացվող զարգացման զանազան ծրագրերը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ հայաստանյան հաջորդ ծրագիրը (2016-2020թթ.) լիարժեքորեն կարտացոլի ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման զեկույցի և ազգային խորհրդակցությունների արդյունքներն ու առաջարկները՝ համահունչ Հայաստանի ազգային գերակայություններին և «ետ-2015-յան ձևավորվող օրակարգին»։
Այնուհետև դեսպան Մնացականյանը ողջունեց ՄԱԶԾ կառավարչի որոշումն այցելելու Հայաստան, հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու Ծրագրի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և կենտրոնակայանի միջև ուղիղ կապի ամրապնդումը։
Գործադիր խորհրդի նստաշրջանին զուգահեռ տեղի ունեցած հանդիպումներում ՄԱԲՀ կողմից բարձր է գնահատվել խնդիրները բացահայտելու, դրանց արագ արձագանքելու և երկարաժամկետ լուծումներ գտնելու Հայաստանի ջանքերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն