Ալեքսանդր Արզումանյան. Մանևրելը մեր ճակատագիրն է
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանը միանալու մասին հայտնի հայտարարությունից անցել է ուղիղ մեկ տարի, սակայն Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքները շարունակվում են մինչ օրս: Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի համար, և արդյո՞ք դա կարող է ազդել Հայաստանի անդամակցության վրա:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` այսօր լրիվ այլ քաղաքական իրավիճակում ենք գտնվում, քան մեկ տարի առաջ, և աշխարհաքաղաքական կոնյուկտուրան էլ է ամբողջությամբ ձևափոխված:
Այսօրվա ասուլիսում նա նշեց` եթե մեկ տարի առաջ Ռուսաստանը փորձում էր ինտեգրացիոն նոր ծրագրեր իրականացնել և, այնուամենայնիվ, ակնկալվում էր որպես Եվրամիության գործըներ, այսօր լրիվ այլ իրավիճակ է, որում Ռուսաստանն ամբողջությամբ մեկուսացված է, Ռուսաստանը ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հռչակել է իրեն թշնամի համակարգեր, Ուկրաինայում էլ հրահրել է քաղաքացիական պատերազմ և նույնիսկ մասնակցում է եղբայրական Ուկրաինայի դեմ պատերազմին:
Ավելին` փոխվել է իրավիճակը նաև Մերձավոր Արևելքում, և եթե մեկ տարի առաջ Արևմուտքը ջանում էր տապալել Ասադի վարչակարգը Սիրիայում, այսօր քննարկվում է Ասադի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չեզոքացնելու հարցը:
«Իրավիճակը լրիվ տարբեր է, և այս իրավիճակում մենք ուզո՞ւմ ենք գնալ Եվրասիական միություն, և տեղի՞ն է արդյոք մեր այս ակտիվ գործընթացը Եվրասիական միությանը միանալու, թե՞ ոչ: Ես ունեմ իմ կարծիքը. ես ի սկզբանե դեմ եմ եղել, բայց այս պահին գտնում եմ, որ սա լրացուցիչ մտորումների տեղիք է տալիս: Մենք գնում ենք մի միություն, որը պատժամիջոցների տակ է լինելու: Սա մի քիչ անհասկանալի մոտեցում է, և, կարծում եմ, Հայաստանը մանևրելու բավական տեղ ունի: Այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում էլ ավելի աննպատակահարմար է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
ԱԺ պատգամավոր Արզումանյանը ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այսօր համոզված է, որ Եվրասիական միությունը քաղաքական ապագա չունի և մնալու է թղթի վրա, սակայն, նրա խոսքով, թե երբ կարձանագրվի նրա «մահկանացուն», ժամանակը ցույց կտա:
Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրմանը, ըստ Արզումանյանի, այն պետք է շարունակել և փորձել հնարավորին չափով խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը` հնարավորության դեպքում փորձելով վերադառնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցություններին. «Նման աշխարհագրական դիրքում գտնվելով` մանևրելը մեր ճակատագիրն է: Հիմա էլ ավելի են շատանում ճկուն քաղաքականություն վարելու և մանևրելու հնարավորությունները»: