Դևիդ Քեմերոնը Ռուսաստանին սպառնացել է հարաբերությունների արմատական փոփոխմամբ
Բրիտանական Reuters լրատվական գործակալությքան փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զգուշացրել է, որ Ռուսաստանի ու մնացյալ աշխարհի հարաբերությունները կարող են ենթարկվել էական փոփոխությունների:
Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. «Ռուսաստանը, կարծես թե, փորձում է ատրճանակի փողի ներքո Ուկրաինային հարկադրել հրաժարվել ժողովրդավարական ընտրությունից:
Ռուսաստանի ու մնացյալ աշխարհի հարաբերությունները կտարբերվեն արմատականորեն, եթե նա շարունակի իր ներկայիս քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ»:
Քեմերոնի խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում դիտարկվում է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին ռուսական ռազմական օգնության կտրուկ ակտիվացում: Քեմերոնը հավելել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում և մարտնչում են ռուսական զորքեր, ինչը ոչնչով արդարացված ու ընդունելի չէ: