
Ռոուհանիի ադրբեջանական այցը նոր սկիզբ կդնի երկու երկրների հարաբերություններում. իրանցի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները մշտապես եղել են լավ մակարդակի վրա և որ վերջին շրջանում դրանք զարգանում են:
Դեսպանի խոսքերով՝ կան երրորդ ուժեր, որոնք ցանկանում են կապերի ամրապնդման ժամանակ հարված հասցնել իրենց բարեկամությանն ու հարևանությանը՝ տարածելով տարբեր լուրեր:
Դեսպանը մանրամասնել է, որ դրանց տակ նկատի ունի վերջերս տարածում գտած այն տեղեկատվությունը, թե Իրանի տարածքում կործանված անօդաչու թռչող սարքն արձակվել է Ադրբեջանի տարածքից:
Նա հիշեցրել է, որ պաշտոնական Բաքուն հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ Թեհրանում հայտարարել են, որ չկա այդ մասին որևէ ապացույց, և որ իրենք լուրջ չեն ընդունում այդ լուրերը: Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալին՝ դեսպանը հայտարարել է, որ ներկայումս այն կազմում է մոտ 500 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կհասնի 1 միլիարդ դոլարի:
Դեսպանի խոսքերով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս կայցելի Բաքու, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Դեսպանը մանրամասնել է, որ Ռոուհանիի ադրբեջանական այցի ստույգ ժամկետը հայտնի կդառնա դրանից մեկ շաբաթ առաջ: Նա վստահություն է հայտնել, որ այդ այցը նոր սկիզբ կդնի երկու երկրների հարաբերություններում: