
Վրաստանի նախագահն ու վարչապետը հիմա էլ վիճարկում են ՄԱԿ ԳԱ-ին մասնակցելու հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահեցնում է, որ իր և վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու միջև չկան անձնական տարաձայնություններ, իսկ տարակարծությունները կապված են երկրի առաջին դեմքերի միջև լիազորությունների բաշխման նոր ձևին անցում կատարելու հետ՝ համաձայն սահմանադրական ուղղումների:
Ներկայումս Մարգվելաշվիլին, չնայած կառավարության բողոքին, ակտիվորեն պատրաստվում է մեկնել Նյու Յուրք, ուր սեպտեմբերի 21-30-ին կայանալու է ՄԱԿ ԳԱ-ն: Ընդ որում, Վրաստանի ԱԳՆ-ը, ով կազմակերպում է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու գլխավորած պատվիրակության այցը ՄԱԿ ԳԱ, խորհրդակցություններ է անցկացնում նախագահի աշխատակազմի հետ՝ այցը չեղյալ հայտարարելու համար:
ԶԼՄ-ները գրում են, որ երկրի վարչապետի ու նախագահի հարաբերությունները լարված են, և որ երկրի համար առավել կարևոր հարցերում վարչապետն անտեսում է նախագահին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին էլ Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ հունիսին Բրյուսելում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հենց ինքը և ոչ թե վարչապետը: