Բաժիններ՝

ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, ու վերջ

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը կկայացվի հոկտեմբերի 10-ին, որից հետո կսկվեն ներպետական գործընթացները՝ ստորագրված համաձայնագրի վավերցումը անդամ պետությունների խորհրդարաններում:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Գ.Մինասյանը նշեց, որ երեկ ՌԴ նախագահը ստորագրել է կարգադրություն՝ հավանության արժանացնելով կառավարության առաջարկը ՀՀ անդամակցության վերաբերյալ:

Գ.Մինասյանն ընդգծեց, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է: Ըստ նրա՝ դրա վկայությունն են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունները, որ իր երկիրը դուրս կգա իր իսկ գաղափարով ստեղծված կառույցից, եթե այն վտանգի Ղազախստանի անվտանգությունը: Պատգամավորի կարծիքով՝ դա ցույց է տալիս նաև ուկրաինական դեպքերի հետ կապված Բելառուսի և Ղազախստանի պահվածքը, և ՀՀ-ն ևս ԵՏՄ-ին պետք է մոտենա այդ տեսանկյունից:

Ի պատասխան 168.am-ի հարցի, եթե ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է, ապա Ղարաբաղի հարցի շահարկումը, Ն.Նազարբաևի կողմից Աստանայում Ալիևի նամակի ընթերցումը արդյոք քաղաքակա՞ն քայլեր չէին, Գ.Մինասյանը հայտարարեց . «Ոչ, Նազարբաևի խոսքը տնտեսական էր»:

Գ. Մինասյանի խոսքով՝ չափազանց հստակ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու տարբեր պետություններ են՝ ճանաչված և չճանաչված, երկու պետությունների միջև կան սերտ տնտեսական, մշակութային, քաղաքական, ռազմական և այլ բնույթի հարաբերություններ, և երբ ՀՀ-ն կդառնա միության անդամ, ԼՂ-ի հետ հարաբերությունների առումով ոչինչ չի փոխվի, սահմանին էլ մաքսակետ չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս