Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով զննվեցին իրեղեն ապացույցները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, ավազակության, առևանգման, ինչպես նաև Քրեական օրենսգրքի ևս երկու հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Է. Վարագյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր զննվեցին իրեղեն ապացույցները: Մասնավորապես, քրեական գործին որպես ապացույց կցված էր խաղալիք ատրճանակ, որն, ըստ փաթեթի, հայտնաբերվել էր Է. Վարագյանի բնակարանից: Գործով երկու տուժողները հայտնեցին, որ ատրճանակը նման է այն ատրճանակին, որով իրենց վրա հարձակում են գործել:

«Ձեզ ատրճանակը ծանո՞թ է, ինչ-որ տեղ տեսել եք»,- դատավորը հետաքրքրվեց ամբաստանյալ Է. Վարագյանից. ինչին ի պատասխան նա ասաց. «Իհարկե, ոչ»: Դատավորը նշեց նաև, որ ըստ քրեական գործի նյութերի՝ ատրճանակը հայտնաբերվել է ամբաստանյալի տան կատարված խուզարկությամբ և ամբաստանյալից հետաքրքրվեց՝ արդյոք նա որևէ տեղեկություն չունի՞՝ ինչպե՞ս է ատրճանակը նրա տանը հայտնվել: Ամբաստանյալն ի պատասան ասաց, որ տեղեկություն չունի:

Իրեղեն ապացույց էր ճանաչվել լուսարձակը և բալոնը: Ըստ քրեական գործի նյութերի՝ այն ևս հայտնաբերվել է ամբաստանյալի բնակարանից, սակայն Է. Վարագյանը դատարանում այսօր ասաց, որ լուսարձակը չի տեսել, որևէ առնչություն չունի:

Տուժողները հայտնեցին, որ դեպքի օրը տեսել են նաև որպես ապացույց ճանաչված կպչուն ժապավենը: Ըստ փորձաքննության եզրակացության՝ տուժողների հագուստներից, ավտոմեքենայից հայտնաբերված կպչուն ժապավենի մասերը մեկ ամբողջական միասնական ամբողջություն են կազմել այն կպչուն ժապավենի հետ, որն, ըստ քրեական գործի նյութերի, հայտնաբերվել է ամբաստանյալի տանից: «Ոչ մեկ չի ապացուցում, հարգելի դատարան, որ դա իմ տնից է վերցված ու այդ սկոչը պատկանում է հենց ինձ»,- ապացույցի վերաբերյալ ասաց ամբաստանյալը:

Varagyan1 Varagyan Mesrop Makyan

Դատավորի հարցին՝ ինչպե՞ս ամբաստանյալը կբացատրի ավտոմեքենայից հայտնաբերված սքոչի կտորների և նրա տանից հայտնաբերված սկոչի մեկ ամբողջականություն կազմելը: «Սկոչը սկոչ է: Բնականաբար, եթե խանութից էլ գնենք այդ նույն սկոչից…»,- ի պատասխան ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ «կեղծ սարքել են»:

Քրեական գործին որպես ապացույցներ կցված էին նաև տուժողի տանից վերցված բարձի երեսները, տուժողի հագուստները:

Իրեղեն ապացույցների զննումից հետո ամբաստանյալ Է. Վարագյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ իր պաշտպանյալի խոսքով՝ իր բնակարանում չի եղել խաղալիք ատրճանակը, լապտերը: Պաշտպանն ասաց, որ ամբաստանյալ Է. Վարագյանն ցուցմունք է տվել, որ իր վարձակալած բնակարանի մուտքի դուռը մինչև խուզարկություն կատարելը բավական դժվարությամբ է բացվել այն դեպքում, երբ նախկինում որևէ խնդիր չի եղել այդ բնակարանի դուռն անարգել բացելու համար:

«Իմ պաշտպանյալը կասկած հայտնեց, որ հնարավոր է մինչև խուզարկություն կատարելը մինչ այդ իր բնակարանում հնարավոր է՝ մուտք են գործել: Ո՞վ, ի՞նչ կերպ, հայտնի չէ»,- ասաց ամբաստանյալի պաշտպանը: Անդրադառնալով ապացույց ճանաչված բարձի երեսներին՝ պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ հաղորդում ստանալուց անմիջապես հետո կատարվել է դեպքի վայրի զննություն, սակայն բարձի երեսները հայտնաբերվել են երկրորդ անգամ զննություն կատարելիս:

Փաստաբանն ասաց նաև, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ իրենից արյան նմուշ են վերցրել, ապա ասել, որ չի ստացվել, նորից պիտի վերցնեն. «Շատ հետաքրքիր ձևով դրանից հետո հայտնաբերվում են բարձի երեսները»:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ իրեղեն ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և դրանք ապացույցների շարքից հանելու հիմք չկա:
Դատարանն այսօր մերժեց ամբաստանյալի մի քանի միջնորդությունները:

Ամբաստանյալը մասնավորապես միջնորդում էր դատարան հրավիրել և հարցաքննել տուժողի ամուսնուն, քննչական փորձարարություն կատարել, ինչպես նաև փոխել իր խափանման միջոցը: Ամբաստանյալը միջնորդում էր իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել մեկ այլ խափանման միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ:

«Այս անձը վտանգ է հասարակություն համար»,- առարկելով խափանման միջոցի հետ կապված միջնորդության դեմ՝ ասաց գործով տուժողը: Դատավորը մերժեց միջնորդությունը:

Դատավորը որոշեց բջջային օպերատորից պահանջել ամբաստանյալ Է. Վարագյանի  ընկերուհու հեռախոսազանգերի վերծանումները 2013թ. սեպտեմբերի 21-ի 18:00-ից մինչև սեպտեմբերի 22-ի 12:00-ը՝ պարզելու համար նրա ցուցմունքների արժանահավատությունը:

Տեսանյութեր

Լրահոս