ՀԱԿ-ը փորձում է մարտի 1-ի զոհերի համար փոխհատուցում ապահովել

Օգոստոսի 29-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ հինգ պատգամավորների կողմից խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Այն ստորագրել են ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Այս օրեքի ընդունման իմաստն այն է, որ եթե քաղաքացին դարձել է բռոնության զոհ`մահացել է կամ ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործը չի հայտնաբերվել կամ վճարունակ չէ, այդ փոխհատուցումը տրամադրի պետությունը:

ՀԱԿ-ը տևական ժամանակ պայքարում էր, որ խորհրդարանի վավերացմանը ներկայացվի 2001թ. նոյեմբերին ՀՀ կողմից ստորագրված «Բռնությամբ կատարված զոհերին փեխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան»: Այս կոնվենցիան անցել էր ՍԴ-ով, և գրեթե 10 տարի գտնվում էր խորհրդարանի օրակարգում: Ամեն անգամ, երբ ՀԱԿ ներկայացուցիչները ԱԺ-ում բարձրացնում էին կոնվենցիայի վավերացման հարցը, այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստանում էր, որ վավերացման հարցը անպայման քննարկվելու է հաջորդ քառօրյայում:

Ի վերջո, նախագահ Սերժ Սարգսյանը կոնվենցիան հետ կանչեց ԱԺ-ից, և հիմա ՀԱԿ խմբակցության անդամները որոշել են իրենք նման օրենքի նախագիծ ներկայացնել:

ՀԱԿ-ը փորձում է նման օրենքի նախագծի միջոցով մարտի 1-ի զոհերի և տուժածների համար ֆինանսական փոխատուցում ապահովել: Մարտի 1-ի հանցագործության հեղինակները հայտնի չեն. հայտնի չէ, թե ով է սպանել 10 քաղաքացու և մարմնական վնասվածք պատճառել հարյուրավորներին: Եթե այս օրենքը ընդունվի, ապա այս մարդիկ իրավունք կունենան դիմելու լիազոր մարմին, որը կորոշի փոխատուցման տրամադրման հարցը և տրամադրվող փոխհատուցման չափը: Որպեսզի օրենքը տարածվի մարտի 1-ի տուժածների վրա, օրենքի հեղինակները նշել են, որ այն ունենալու է հետադարձ ուժ և 2002թ. ապրիլի 23-ից հետո տեղի ունեցած հանցագործությունների զոհերն իրավունք են ունենալու փոխհատուցման պահանջ ներկայացնել:

Թե ինչու է ընտրվել 2002թ. ապրիլի 23-ը՝ դժվար է հասկանալ: Բայց այն ընդունվելու դեպքում կտարածվի նաև 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանական հարձակմանը ենթարկված հարյուրավոր քաղաքացիների վրա, եթե նրանք դիմել են բժշկական հաստատություններ և պահպանել են մարմնական վնասվածք ստանալու մասին համապատասխան փաստաթղթեր:

Բայց քանի որ իշխանաությունը չցանկացավ վավերացնել իր ներկայացուցչի կողմից ստորագրված և Սահմանադրական դատարոնում կոնվենցիայի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու ընթացակարգ անցած միջազգային կոնվենցիան, ապա դժվար թե համաձայնվի քվեարկությամբ անցկացնել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը:

Բայց այստեղ էականը ոչ այնքան օրենքը անցկացնելն է, որքան օրենքի նախագծի քննարկման ընթացքը: Նման օրենքի նախագիծի առկայությունը ԱԺ օրակարգում ՀԱԿ-ին հնարավորություն կտա ասելու, որ իրենք շարունակում են հետևողականորեն պայքարել մարտի 1-ի զոհերի իրավունքների պաշտպանության համար, իսկ իշխանությանը մեղադրել զոհերի իրավահաջորդներին նույնիսկ ֆինանսական փոխհատուցում ստանալու իրավունքից զրկելու մեջ:

Իշխանությունը չի կարող համաձայնվել նման օրենքի ընդունմանը, քանի որ այն բազմամիլոնանոց, կամ նույնիսկ միլիարդանոց բեռ կդառնա պետության համար, և մյուս կողմից, թեկուզ ոչ անիջականորեն, կարդարացնի նրանց գործողությունները:

Բայց այս օրենքի ներկայացման հարցում կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս: Այն ցույց է տալիս, որ ՀԱԿ խմբակցությունում կա ոչ թե 7, այլ հինգ պատգամավոր: Նիկոլ Փաշինյանին և Հրանտ Բագրատյանին օրենքի հեղինակները նույնիսկ հարկ չեն համարել տեղեկացնել, որ իրենք այդպիսի նախագիծ են ներկայացնում և չեն առաջարկել նրանց միանալ այդ նախագծին: Պատճառն այն է, որ ՀԱԿ-ում խիստ նեղացած են այն փաստից, որ երբ Նիկոլ Փաշինյանը կամ Հրանտ Բագրատյանը իրենք են օրենքի նախագիծ ներկայացնում, այն անում են առանց ՀԱԿ խմբակցությանը տեղեկացնելու կամ չեն առաջարկում դառնալ համահեղինակ:

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծն է, կամ Հրանտ Բագրատյանի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Եթե նրանք հարկ չեն համարում իրենց կողմից ներկայացված օրենքների նախագծերը համաձայնեցնել ՀԱԿ խմբակցության մյուս անդամների հետ, ինչո՞ւ պետք է առաջարկեն նրանց դառնալ իրենց կողմից գրված օրենքների համահեղինակ:

Տեսանյութեր

Լրահոս