
Այսուհետ պետք է պաշտպանվենք ոչ թե զինյալներից, այլ՝ միջուկային զենքով սպառնացող ՌԴ-ից. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը կարծում է, որ Ռուսաստանը տանուլ է տվել Ուկրաինայում հիբրիդային պատերազմն և արդեն իսկ ոչ պաշտոնական խողովակներով սպառնացել է կիրառել տակտիկական միջուկային զենք: Այդ մասին նա գրել է սոցցանցում իր էջում.
«Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայում հիբրիդային պատերազմում: Մեր զինված ուժերը վստահաբար նեղել են ռուս վարձկանների բանդաներին, ոչնչացրել են դիվերսանտներին ու հատուկջոկատայիններին: Հենց դրա համար էլ Կրեմլը հարկադրված է եղել իր կանոնավոր զորքերով ներխուժել Դոնբասի տարածք:
Այսօր մենք գործ ունենք գնդերի ու դիվիզիաների հետ, իսկ վաղը դրանք կարող են լինել կորպուսներ: Երկիրն ապրում է այնպիսի պատերազմ, ինչպիսին Եվրոպան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդպիսի պատերազմում կորուստները հաշվարկվելու են ոչ թե հարյուրներով, այլ՝ տասնյակ հազարներով:
Ռուսական կողմը ոչ պաշտոնապես արդեն քանիցս սպառնացել է, որ դիմադրությունը շարունակելու դեպքում պատրաստ է մեր դեմ կիրառել տակտիկական միջուկային զենք: Դիմանալու համար մեզ անհրաժեշտէ առկա բոլոր ուժերի համախմբում»: