
Օգոստոսին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 1420 մարդ: Համապատասխան տվյալները ներկայացրել են Բաղդադում ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Նրանք մանրամասնել են, որ այդ թվում չեն ներառվել այն կորուստները, որոնք գրանցվել են երկրի արևմտյան Անբար նահանգում և մյուս շրջաններում, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների վերահսկողության տակ:
Իրաքին աջակցելու գծով ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 1370 մարդ: Ողջ օգոստոսին չեն դադարել մարտերը կառավարական զորքերի ու ահաբեկիչների միջև, որոնք ընդարձակ տարածքներ են գրավել Իրաքի գլխավորապես հյուսիսում: ԱՄՆ օդուժը քանիցս հարվածել է նրանց դիրքերին: