
Իրաքը ստացել է ռուսական հարվածային ուղղաթիռների հերթական խմբաքանակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքը ստացել է ռուսական հարվածային ուղղաթիռների հերթական խմբաքանակը: Խոսքը գնում է ռուսական Ми-28НЭ «Գիշերային որսորդ» ուղղաթիռների մասին: Այս մասին վկայել է Իրաքի ՊՆ-ի կայքում տեղ գտած տեսանյութը:
Ընդգծվում է, որ Իրաքի զինված ուժերը ռուսական այդ ուղղաթիռներն օգտագործելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում: Ռուսական ուղղաթիռները կարող են օգտագործվել նաև շրջափակման մեջ պահվող շրջաններին օգնություն հասցնելու համար:
Հայտնի չէ, թե Իրաքը որքան Ми-28НЭ է ստացել: Տեսանյութում երևում է, որ Իրաքին հատկացվել է առնվազն 3 հատ Ми-28НЭ ուղղաթիռ: Սպառազինության մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Իրաքը ստորագրել են 2012 թվականին: Այն գնահատվում է 4.2 միլիարդ դոլար: