
Այս տարվա առաջին 8 ամիսներին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է այս տարի պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալներ:
Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում (տարեսկզբից մինչև օգոստոսի 31-ը) զոհվել է 77 և վիրավորվել է 115 զինծառայող: Զոհերից 28-ը մարտական կորուստներ են, որից 25-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով:
Մնացյալ 49 զոհերը ոչ մարտական կորուստներ են. 13 զինծառայող զոհվել է ավտովթարների, 7-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 2-ը՝ չպարզված հանգամանքներում, 9-ը մահացել են հիվանդություններից, 3-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 15-ն ինքնասպանություն են գործել կամ էլ զենքի հետ վարվել են անզգուշաբար:
115 վիրավորներից 26-ը վիրավորվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, 10-ը պայթել են ականների վրա: «Դոկտրինան» այս վիճակագրությունը ներկայացրել է մամուլի բաց տվյալների հիման վրա: