Արամ Կարապետյանը կարծում է, որ հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ իշխանության չի գա
«Ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին չեմ անդրադառնում, չեմ էլ անդրադառնալու: Մի բան կարող եմ ասել՝ ես միշտ սովոր եմ, որ մարդը 60-ում իրեն զգում է 60-ի, 70-ում՝ 70-ի, 80-ում՝ 80-ի տարիքում: Եթե մարդ 60-ում իրեն զգում է 50, պատկերացնո՞ւմ եք՝ 70-ում ինչեր կանի»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցի ժամանակ հարցին, թե կարո՞ղ է նա կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում, Ռ. Քոչարյանն ասել էր. «Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում (ավելի շատ ժամանակ կա մարզումների համար): Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ`չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»:
Ա. Կարապետյանի խոսքով՝ Ռ. Քոչարյանն իր ասածները թող ինքն էլ մեկնաբանի. «Բան ու գործ չունենք, Ռոբերտ Քոչարյանի ասածնե՞րը մեկնաբանենք: Իմ կարծիքով՝ հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ Ռոբերտ Քոչարյանը երբևէ իշխանության չի գա»: