«Գլենդել հիլզի» կառուցածը փլվում է գյումրեցիների գլխին. hetq.am
hetq.am-ը գրում է. Մուշ – 2 թաղամասում «Գլենդել հիլզ» կազմակերպության կառուցած բազմաբնակարաններում արձանագրվող փլուզումները վերածվել են օրինաչափության: Բնակիչների մեծ մասը վախով է շրջում բնակարանում, առավել եւս վախով անցկացնում գիշերները՝ սպասելով առաստաղի գահավիժմանը: Թիվ 17 շենքի 25 բնակարանի 80-ամյա բնակչուհի Հրաչուհի Առաքելյանի համար օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը մղձավանջային էր: Ծեր կինն արթնացել էր տարօրինակ ձայներից եւ առաջին միտքն եղել էր , թե հավանաբար երկրաշարժ է:
«Խշխշոցի, ճաքելու նման ձեներ առա, ըսի վայթե երկրաշարժ է: Ուզեցա տեղիցս ելնեի, օր լույսը վառեի, էն էլ չհասցրեցի: Վերեւից էդ ծանդր բաները թափան վրես, գոռացի աղջկաս, թե Սուսան, Սուսան հըլը արի տես ի՞նչ էղավ»,- պատմում է Հրաչուհի տատը: Նա ցույց է տալիս մեկ շաբաթ առաջ փլուզված առաստաղի բեկորներից վնասված թեւն ու ուսի հատվածը:
Կեսգիշերն անց մայր ու աղջիկ հայտնաբերել են մեկ սենյականոց բնակարանի բնակելի հատվածի առաստաղի մասնակի փլուզում: Բեկորներից տուժել էր միայն տանտիրուհին, աղջիկը քնած էր եղել խոհանոցում: Սթրեսից բարձրացել էր ծեր կնոջ ճնշումը, աղջիկը՝ Սուսաննան, շտապօգնություն էր կանչել, այնուհետեւ Հրաչուհի տատին տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն՝ համոզվելու, որ կոտրվածքներ չունի:
Առաստաղի վերանորոգման ծախսերը հոգալու պարտականություն շինարարությունն իրականացրած կազմակերպությունն այլեւս չունի: Որոշակի օգնություն ծեր կնոջը ցուցաբերել է «Կարին» համատիրությունը՝ տրամադրելով 4 պարկ շինանյութ: 35 հազար դրամ թոշակով ապրող ծեր կնոջ բնակարանի վերանորոգման մյուս ծախսերը ստիպված է հոգալ աղջիկը: Ացելության պահին առաստաղն արդեն ամբողջությամբ վերանորոգված էր: «Ճիշտ է մի մասն էր փլուզվել, բայց վերանորոգելու համար շինարարը ստիպված էր լրիվ քանդել, օր նորից սարքեր»,- ասում է Սուսաննան:
Մանրամասներն՝ այստեղ