Բաժիններ՝

Աննա Մայիլյան. Մոլեռանդ հավատքը ճշմարիտ հավատք չէ

Qahana.am-ը զրուցել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի հետ.

– Ինքներդ մշակույթի մի ճյուղ եք ներկայացնում, որն առնչվում է հոգևոր արժեքներին: Ի՞նչ դեր ունի կրոնը ժամանակակից հայ մշակույթում:

– Կրոնի մասին ես չէ, որ պետք է խոսեմ, դա թողնենք աստվածաբաններին: Ինձ համար կարևորը հավատքն է, որը միշտ ներկա է թե մշակույթում և թե արվեստագետի կյանքում: Առանց հավատքի, առանց տիեզերքի հետ կապի, առանց Երկնային Հոր հետ զրույցի արվեստագետը չի կարող ոգեշնչվել և ստեղծագործելու կարողություն ստանալ: Իսկ բնագավառը, որտեղ ես գործում եմ, այսինքն հայ ազգային երգը, անմիջապես կապված է հավատքի, մեր մայր եկեղեցու և ազգային ավանդույթների հետ:

– Ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել այս բնագավառ, դառնալ նման հոգևոր արժեքների կրող:

– Շատ սովորական որոշում էր: Բազմիցս այս մասին խոսել եմ: Ես եվրոպական երգի բավական լուրջ դպրոց եմ անցել, ուսանել եմ Եվրոպայի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում՝ բավականին մեծ և հայտնի վարպետ-երգիչների և երաժիշտների մոտ: Հայ ազգային երգին նվիրվելու որոշումը կար դեռ երաժշտական ուսումնարանում ուսանելու տարիներից: Բազմաթիվ ելույթների շնորհիվ հետզհետե զգացի, որ ունկնդրին ավելի հուզում են հոգևոր և ժողովրդական երգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների իմ կատարումները: Իսկ արտասահմանյան փառատոններից հետո էլ ավելի համոզվեցի, որ հայ երգչի առաքելությունը հայ ազգային երգը բարձր որակով ներկայացնելն ու տարածելն է: Չկա ավելի մեծ բերկրանք, քան սեփական ազգային երգը կատարելն ու սիրված լինելը:

– Դա արվեստագետ մարդուն ինչ-որ բաներից զրկո՞ւմ է:

– Ամենակարևորն այն է, որ զբաղվում ես սիրած գործով: Բնականաբար, դա նաև նվիրում է պահանջում: Իսկ թե ինչից ես զրկվում այդ ճանապարհին՝ ամեն մեկի համար յուրովի է: Ես միայն ձեռքբերումներ եմ նկատում: Եթե ինչ-որ բանից էլ զրկվում եմ, ապա գիտեմ, որ դա արվում է նորից ի օգուտ ինձ, քանի որ Տերն ավելի լավ գիտի, թե մեզ համար ինչ է հարկավոր այս կյանքում, մնում է, որ մենք, հավատարիմ լինելով՝ անենք մեր գործը:

– Զղջման պահեր հաճա՞խ եք ունենում:

– Եթե դա վերաբերում է սխալներին, ապա՝ այո, եթե անցած ճանապարհին՝ ապա երբեք: Սխալ քայլեր անելուց հետո զղջալը կարևոր է, նաև կարևոր է ներողություն խնդրելը, իսկ եթե կյանքում ինչ-որ մի բան չես արել, ապա անիմաստ է զղջալ, քանի որ դա արդեն անցյալում է, իսկ ես աշխատում եմ ապրել այսօրվա օրով:

– Մարդու մեջ ի՞նչ փոփոխություններ են կատարվում, երբ հոգևոր ուղին է ընտրում: Դուք նման փոփոխություններ զգացե՞լ եք:

– Եթե խոսքը հոգևոր կյանքի մասին է, ապա, ըստ իս, մենք չէ, որ այն ընտրում ենք: Դա այն ճանապարհն է, որով բոլորս պետք է ընթանանք, քանի որ Քրիստոս եկավ, որ մեզ հովիվ լինի այդ ճանապարհին, նա չեկավ միայն հոգևորականների համար, այլ՝ սովորական մարդկանց համար, լույսով ապրելու և լույս տալու օրինակ եղավ: Այսօր՝ արդի կյանքում, գնալով բարդանում է նման ապրելակերպ վարելը: Հաճախ մյուսների համար դառնում ես տարօրինակ, անհասկանալի: Այստեղ շատ կարևոր է մնացածի համար գայթակղություն չդառնալ և փորձել օրինակ ծառայել: Մոլեռանդ հավատքը ճշմարիտ հավատք չէ: Միայն առաքինի, լուսավոր և բարի կեցվածքով, բարի գործերով կարելի է մարդկանց համար օրինակ ծառայել:

– Աղոթական վիճակում հաճա՞խ եք լինում:

– Աղոթքը պարտադիր է, որը յուրաքանչյուրիս համար պետք է կենսական անհրաժեշտություն դառնա: Իհարկե, հաճախ հնարավոր չէ հարմար տեղ և վիճակ ստեղծել աղոթքի համար, քանի որ մեր առօրյա կյանքը բավական բազմազբաղ է, բայց եթե կարողանում ես զբաղված լինելով հանդերձ խոսել Աստծո հետ, ապա դա էլ է աղոթք: Էլ չասեմ, որ հաճախ մխրճվում եմ հոգևոր երգերի ձայնագրությունների աշխատանքի մեջ և ըմբոշխնում աղոթքով լի այդ ժամանակը:

– Բնականաբար, ինչպես բոլորը, Դուք ևս բարկության պահեր կունենաք: Ինչպե՞ս եք հաղթահարում:

– Իհարկե, նման պահեր լինում են տարբեր պատճառներով: Հաճախ դա լինում է շատ անսպասելի, և որքան էլ համոզում եմ ինձ, որ պետք է միշտ ավելի հանգիստ և զուսպ լինել և միանգամից չբռնկվել, հաճախ չէ, որ կարողանում եմ այդ ամենը կիրառել: Այստեղ կարևոր է ջղայնությունից հետո հասկանալ, որ պետք է նաև ներողություն խնդրել ջղայնությանդ համար՝ աղոթքի միջոցով լինի, թե քահանային խոստովանելով: Ամեն դեպքում կարևորը հասկանալն է, որ լավ բան չարեցիր: Իհարկե, փորձառության միջոցով աստիճանաբար կարելի է խուսափել ջղայնությունից, և դա շատ մեծ նվաճում է: Դա կարելի է մարզել և իհարկե պետք է աղոթել առավոտյան՝ տանից դուրս գալիս, խնդրել Աստծուն՝ զգոն և իմաստուն պահել, որպեսզի ամբողջ օրն անցնի բարի և դրական լիցքերով, զերծ սխալներից և սխալ զգացումներից:

– Կա՞ն բաներ, որ կյանքում չեք ների՝ անկախ ձեր հավատքի մեծությունից:

– Չեմ կարող ապագայի մասին խոսել, նաև իրավունք չունեմ դատել, բայց երևի հայրենիքի դավաճանությունը ներել հնարավոր չէ:

– Աստծո նկատմամբ հավատը փոփոխությունների ենթարկվո՞ւմ է տարիների ընթացքում (Ձեր օրինակով):

– Հավատի ճանապարհը դպրոցի նման մի բան է, աստիճանաբար պետք է անցնել դասերը և զարգացնել գիտելիքներ, հղկել հոգին: Այդ ճանապարհին լինում են փշոտ պահեր, նեղվածություն, ինչուների շրջան: Այդ ամենը հարկավոր է, որպեսզի էլ ավելի ամրանա հավատքը, համոզմունքը: Այո, ինձ մոտ էլ են եղել տարակուսանքի և թևաթափության, հուսահատության պահեր, սակայն միշտ Տերը հմտորեն ուղարկել է մարդկանց, հոգևորականների և ուղղակի գիտելիք, որպեսզի ես չշեղվեմ և էլ ավելի ամուր քայլեմ իմ ուղով:

– Կա՞ Եկեղեցում մի բան, որը Ձեզ համար անընդունելի է, կամ գուցե անհասկանալի, կցանկանայիք շտկել:

– Մեր Հայ Առաքելական ազգային եկեղեցին դարերի խորքից բերել և մեզ է հասցրել հայոց գիր ու գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունն ու նկարչությունը: Այս ամենի հետ մեր եկեղեցին նաև կռվել է թշնամու դեմ և դիմակայել տարբեր պատմական իրադարձությունների: Ինչ էլ որ պատահի և ինչ էլ որ մեզ դուր չգա եկեղեցական կյանքում, իրավունք չունենք փնովել կամ քննադատել: Մնում է, որ մենք բոլորս լինենք հավատարիմ և մեր պահվածքով ու հավատքով կառուցենք, ծաղկեցնենք, շենացնենք մեր եկեղեցին:

Մեկ ազգ` մեկ եկեղեցի. սա պետք է լինի մեր հավերժ կարգախոսը:

Նելլի Մարգարյան
qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս