Նոր բացահայտումները. կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձեր
ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Oպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս»-ը: Ընդ որում, բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել: Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում թաքցրած փորձել են ափիոնանման զանգված ներկրել:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին