Սարգիս Հացպանյան. «Չես հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում, որտե՞ղ են անում, ո՞ւմ հետ են անում, ինչո՞ւ են անում»

Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության մասին, ասաց, որ դա սխալ քայլ էր. «Նախ սա սխալ էր դիվանագիտական առումով՝ մարդը ցույց է տալիս, որ ինքն իր տեղում չէ: Սա երևի բնության մեջ չեղած իրավիճակ է, երբ երկու երկրների մեջ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ մեր երկրի դիվանագետը ներկա է գտնվում մի մարդու երդման արարողությանը, որը երբևէ մարդավայել, քաղաքակիրթ, պետական գործչին հարիր արտահայտություն չի արել հայի, հայության, Հայաստանի հանդեպ: Եթե նամակ պետք է փոխանցվի, նախօրոք հայտարարում են, ասում են, թե ինչ նպատակով է մեկնում, ոչ թե ընդունեց՝ նամակը կտաս, չընդունեց՝ ի՞նչ պիտի անես»,- ասաց նա:

Փորձագետը ևս մեկ անգամ կրկնեց իր այն տեսակետը, որ Թուրքիայի պլան B-ն այն է, որ իրենք փաստի առաջ կանգնեցնեն Հայաստանին՝ մի մեծ պետական պատվիրակությամբ գալով ու Ծիծեռնակաբերդ բարձրանալով. «Հայաստանը չի կարող ասել՝ արի, ճանաչիր Ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան կասի, որ այդ ժեստը բնավ դա չի նշանակում: ՀՀ-ը, իբրև պետական միավոր, պատրաստ չէ դրան, որովհետև որևէ հայեցակարգ չի մշակել, թե ո՞րն է Հայաստան պետության ցանկությունը, որո՞նք են սպասելիքները Թուրքիայից: Այս հարցերը մեր պետական միավորը դժբախտաբար չի կարողանում ձևակերպել»:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ Էրդողանին ուղարկված հրավերից ասաց, որ սգո արարողությանը չեն հրավիրում, իսկ Ցեղասպանությունը անժամանցելի սգո արարողություն է:

Սարգիս Հացպանյանը գնահատեց ու ողջունեց Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը. «Ինքնորոշման իրավունքը աշխարհի բոլոր ատյանների կողմից դիտվում է իբրև ժողովուրդների իրավունք: Հայ ազգը այդ մի հատվածում ինքնորոշվել է, իր ինքնորոշումը հայտնել է և դա արդեն միջազգային ատյանների կողմից շատ երկար ժամանակ է քննվում է: Հենց այսպիսի քայլերով այս հարցը իր լուծումը կգտնի միջազգային ատյաններում»,- նշեց փորձագետը:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ էր, թե՞ իրավիճակն այդպես թելադրեց, նա պատասխանեց. «Դժբախտաբար չեմ կարող որակել հայկական դիվանագիտական հաղթանակ, որովհետև բազմիցս ասել եմ, որ ինձ համար անհայտ են հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքները.: Չես հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում, որտե՞ղ են անում, ո՞ւմ հետ են անում, ինչո՞ւ են անում և այլն: Հայաստանը քաղաքական, դիվանագիտական, տնտեսական որևէ գործընթացում չկա»:

Տեսանյութեր

Լրահոս