Ն. Սարգսյան. Դպրոցների մոտ խցանումներ առաջացնող վարորդ-ծնողները կենթարկվեն պատասխանատվության
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ընդառաջ ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ճանապարհային պատահարների վիճակագրությունը:
Նրա խոսքով՝ 2013թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում դպրոցների հետ կապված որևիցե միջադեպ, որևիցե ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել.
«Խոսքն այն պատահարների մասին է, որոնք պետք է վերաբերեին տուն-դպրոց-տուն ճանապարհին: Ուղղակի մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ ունեցել ենք 29 ճանապարհատրանսպորտային պատահար 1 ամսվա ընթացքում, որոնց հետևանքով զոհվել է 1, և վիրավորվել 30 երեխա: Եթե համեմատենք 2012-2013 թվականների միամսյակների միջև, ապա 2013թ. պատահարների քանակը նվազել է 6-ով, զոհերի թիվը՝ 1-ով, վիրավորներինը՝ 5-ով:Կփորձենք այս տարի ևս բոլորիս ուժերով ու միջոցներով համախմբված կազմակերպել ուժեղացված ծառայությունը, ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և անել ամեն ինչ, որ ոչ մի երեխա պատահարի մասնակից չդառնա»:
Ներկայացնելով 2014թ. առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների հետ, Նորիկ Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ում գրանցվել է 1370 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 133 և մարմնական վնասվածք ստացել 1925 մարդ. «Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակի աճ ունենք 149-ով, զոհերի թիվը նվազել է 10-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 178-ով: Սրանց 1/3-րդը բաժին է ընկնում հետիոտնի վրաերթերին, իսկ ամենախոցելի զանգվածը մինչև 16 տարեկան երեխաներն են, որոնք հանկարծակի հայտնվում են ճանապարհի բանուկ մասում և հայտնվում ինչ-որ ճանապարհատրանսպորտային միջոցի անիվների տակ»:
Նորիկ Սարգսյանը նաև կոչ արեց ծնողներին, որ երեխաներին դպրոց հասցնելուց անմիջապես հետո ազատեն բանուկ մասը, այլապես խցանումների առիթ կհանդիսանան նրանց կայանումները դպրոցի մոտակայքում: Նրա խոսքով՝ խնդրանքը չբավարարելու դեպքում` նրանք առիթ կունենան շփվելու ՃՈ ծառայողների հետ, և կձեռնարկվեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցները: