Հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում
Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է:
«Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա հիշեցրեց, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը (5 տոկոս): Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը, հանրային առողջության պահ
պանմանն են ուղղված նաև առաջիկայում հանրապետությունում մեկնարկող լայնածավալ սքրինինգային ծրագրերը:
«Առողջապահության ազգային ինստիտուտի առջև հստակ խնդիրներ են դրված, այդ թվում` բնակչությանն առողջ պահելու ազգային ծրագիրը, որի անկյունաքարը առաջնային բուժօղակի հզորացումն է»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլնիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին` պոլիկլինիկաների (2017-2018թթ.) արդիականացման խնդրով, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:
«Կանխարգելիչ այցը նույնպես պարտադիր մաս է լինելու։ Այդ նոր չափորոշչի հաստատումով շարունակական կապ կապահովվի բնակչության հետ»,- նկատեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը նույնպես կնպաստի առողջության առաջնային օղակի զարգացմանը: Առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն կարևորեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև բուժանձնակազմի պատրաստակամ, արհեստավարժ և սիրալիր լինելու հարցը:
Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ նախարարությունը շահագրգռված է, որպեսզի առաջնային բուժօղակում անցկացվող մշտադիտարկումները լինեն օբյեկտիվ, իսկ արձանագրված թերությունները ստանան շուտափույտ լուծում:
Հանդիպման ընթացքում Երևանի պոլիկլինիկաների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերը ներկայացրին նախարարին: Անդրադարձ կատարվեց նաև պոլիկլինիկաներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմանը, անվճար տրամադրվող դեղորայքի դուրս գրմանը, զորակոչիկների պատվաստմանը վերաբերող և այլ հարցերին:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական հարցադրումների համար` հավելելով, որ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես և իր այցերը բժշկական կազմակերպություններ շարունակական են լինելու:
ՀՀ Առողջապահության նախարարություն