Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը երիտասարդին բերման է ենթարկել «իր մեքենայի մոտ անկանոն շարժումներ կատարելու» համար

2014 թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիների հարցերն էին:

Հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, նշել էր, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:

Ոստիկանության պետն ընդգծել էր, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է: Կարծես այս աշխատանքային հանդիպումը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա իր ազդեցությունն ունեցել է:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես Վանաձոր քաղաքի, հոգատար և ուշադիր են դարձել քաղաքացիների նկատմամբ, նրանք նույնիսկ մինչև ուշ գիշեր շարունակում են իրականացնել հերթապահություն, շրջում են փողոցներով և հետևում, որպեսզի ոչ ոք գիշերը դրսում չմնա, տուն են ուղեկցում, իրենց անհանգստությունն են հայտնում և օգնության ձեռքը մեկնում, չէ որ «Ոստիկանը իմ/մեր բարեկամն է»: Որպեսզի չթվա, թե սխալ տեղեկատվություն ենք հայտնում, փաստացի օրինակ ներկայացնենք Ձեր ուշադրությանը:

Այսպես, 2014 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, ոստիկանության 3 աշխատակիցներ, ժամը 01:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության մեքենայով, մոտեցել են Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի շենքերից մեկի մոտ կանգնած Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած երիտասարդին, ով «անկանոն շարժումներ է կատարում իր մեքենայի մոտ և ուսումնասիրում է մեքենան»: Ոստիկանները ցուցաբերելով ուշադիր և անհանգստացած վերաբերմունք երիտասարդին առաջարկել են ուղեկցել տուն, քանի որ նա, ըստ ոստիկանների, շատ հոգնած է եղել և ալկոհոլ օգտագործած:

Սակայն երիտասարդը հայտնել է, որ նա ցանկանում է զբոսնել և ուղեցության կարիք չունի: Սակայն անհանգստացած ոստիկանները պարզելով, որ երիտասարդը նաև իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չունի, որոշել են նրան բերման ենթարկել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: Ինչպես նշվում է հետագայում հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ «… Ա. Ք.-ին առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու և անձը հաստատող փաստաթղթեր չունենալու պատճառով բերման են ենթարկել…»:

Փաստորեն, ճանապարհային ոստիկանները քաղաքացուն կարող են բերման ենթարկել մի կողմից, երբ չեն տեսել և արձանագրել ինչպես է նա ալկոհոլ օգտագործած և առանց փաստաթղթերի մեքենա վարել, մյուս կողմից ՀՀ քաղաքացին այլևս պետք է անձը հաստատող փաստաթղթերով շրջի, որպեսզի նրան ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ոստիկանները բերման չենթարկեն: Այսքանը սակայն, այս դեպքի անհասկանլի մասերի միայն սկիզբն է: Ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին Ա. Ք.-ն զանգահարել է ընկերոջը և խնդրել ոստիկանւթյան բաժին բերել իր փաստաթղթերը:

Ոստիկանության բաժնում արդեն ոստիկանների և Ա. Ք.-ի ու նրա ընկերոջ՝ Գ. Ա.-ի մասնակցությամբ՝ անհասկանալի պատճառներով և պայմաններում, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Գ.Ա.-ն հարվածել է հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկին և փախուստի դիմել, սակայն մեկ այլ ոստիկան նրան հետապնդել և բերման է ենթարկել:

Այս պատմության անհասկանալի ավարտը նույնպես ապշեցնում է՝ երիտասարդներին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այս հոդվածով մեղադրվողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսպիսով, ոստիկանության աշխատակիցների հոգատարության, հետևողականության և միանման ու բառացիորեն նույն ցուցմունքների պատճառով երկու երիտասարդներ արդեն գրեթե 4 ամիս կալանավորված են և գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում, նրանց սպառնում է վերոնշյալ պատիժներից մեկը:

Իհարկե բարեփոխումները կարևոր են ոստիկանության համակարգի համար, սակայն դժվար թե այսպիսի բարեփոխումներին հասարակությունը դրական վերաբերվի և հանդուրժող լինի: Արդեն սկսվել է այս երիտասարդների գործով դատաքննության փուլը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ փաստաբանի միջոցով, կփորձի ամեն կերպ պաշտպանել երիտասարդների իրավունքները՝ իրավապահ մարմինների օրինախախտումներից:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս