Կին-ազատամարտիկ. «Բարեգործական կազմակերպություններն ավելի լավ են օգնում, քան պետությունը»
asparez.am-ը գրում է. «Այնպես եմ ամեն ինչից հիասթափվել… ես, որ երկու տարի աղջկաս հետ գնացի, այդ կյանքը տեսա…ամեն ինչից հիասթափվել եմ, ճիշտ եմ ասում: Աղջկաս 2 տարեկան տարա, 4 տարեկան բերեցի»,-գյումրեցի ազատամարտիկ Լաուրա Ասեյանի հիշողություններում ղարաբաղյան պատերազմն է: 33 տարեկան Լաուրան 2 տարեկան միակ դստեր հետ կամավորական ծառայության է անցել Գյումրի 4-րդ գումարտակի կազմում` նախ Ստեփանակերտում, ապա` Մարտակերտում:
Իր եւ 70 ազատամարտիկի հրամանատարը եղել է Վարդան Մայիլյանը: 94-ի հունվարից նա մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, ռազմի դաշտում Լաուրան կատարել է սանիտար-հրաձգի պարտականություններ, զինակից ընկերներին ցուցաբերել մայրական հոգատարություն:
«70 ազատամարտիկ էինք, ես դիրքեր եմ գնացել, ճաշ պատրաստել, ինձ հարգել են, ընդունել, երբ վերադարձա՝ ուշադրություն էին դարձնում ինձ (նկատի ունի պետական կառույցներին-հեղ.),-ասում է կին-ազատամարտիկն ու ավելացնում,-իսկ հիմա` ոչ. անտարբեր են, հեչ չեն ասում` կին է վերջը: 2 տարի կյանքս էնտեղ է գնացել, ես թոշակ էլ չեմ ստանում, թոշակ չտվեցին, պատճառ բռնեցին, որ վիրավոր չեմ եղել: Ի՞նչ կարեւոր է, զենք եմ ունեցել, կարող է եւ կրակեին ինձ վրա, դիրքերում անընդհատ կրակոց էր»:
Այսօր տիկին Լաուրան դստեր եւ երկուս ու կես տարեկան թոռան հետ բնակվում է չորս հարկանի շենքի առաջին հարկում: Դստեր ամուսինը ծառայում է հայկական բանակում, զորացրվելու է այս տարվա դեկտեմբերին: Վերադառնալուց հետո նա աշխատանք է փնտրելու:
Ոչ Լաուրան, ոչ նրա դուստրը այսօր աշխատանք չունեն, ընտանիքը պետությունից ամեն ամիս՝ որպես ընտանեկան նպաստ, ստանում է 21.000 դրամ: «Բարեգործական ճաշարանով ենք յոլա գնում, հագուստը, ձմռան փայտը Թումասյանն է տալիս (նկատի ունի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վ.Թումասյանին-հեղ.), քաղաքապետարանից խոստացել են օգնել այս օգոստոսին, թե չէ էդ նպաստը կստանանք, կգոյատեւենք»:
Չկարողանալով ապրել պետության տված 21.000 դրամով, տիկին Լաուրան մի քանի ամիս առաջ որոշում է աշխատանք գտնել: 2 ամիս աշխատում է Գյումրիում գտնվող պետական հիմնարկներից մեկում: Նրա՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո, ընտանիքը զրկվում է ընտանեկան նպաստից, նպաստից զրկելու պատճառ նշում են Լաուրա Ասեյանի աշխատելու փաստը:
Մանրամասներն՝ այստեղ