Հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են
Ինչպես նախկինում հայտնել էինք` օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց:
Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել էին գողությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն էր:
Օգոստոսի 24-ին Հակոբ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել Հրազդանի բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ոմն Հովոյի և Սպոյի հետ միասին:
Նույն օրը ոստիկանության Հրազդանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևան քաղաքում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն:
Հակոբ Մ.-ն, Հովհաննես Հ.-ն և Սպարտակ Մ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ոստիկանություն