«Ժառանգությունը» կառաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը և հանել տարկետում ստանալու իրավունքը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռոբիկ Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանական նոր նստաշրջանին լինելու է շատ ակտիվ և պատրաստվում է ներկայացնել մոտ 20 օրենսդրական նախագիծ:

Դրանցից մեկը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է: «Ժառանգությունն» առաջարկում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը` նախագիծը հիմնավորելով այն փաստարկով, որ ուսման տարկետումը հիմնականում «օգտագործվում է որոշ խավի զավակների կողմից և միջոց է զինծառայությունից խուսափելու համար»:

«Ասպիրանտուրաներում սովորողների 80-90 տոկոսը տղամարդիկ են, և պարզվում է, որ դրանցից ընդամենը 5-6 տոկոսն է հետագայում զբաղվում գիտական գործունեությամբ»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը` ավելացնելով, որ այս հարցի շուրջ քաղաքական ուժերի հետ հիմնական համաձայնությունը կա, և չի բացառվում, որ նախագիծը դառնա խորհրդարանի քաղաքական ուժերի միասնական նախաձեռնությունը:

Մյուս նախագիծը կապված է ընդդիմությանը լծակ տալու հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը զարմանում է իշխանական մեծամասնության զարմանքի վրա, թե ինչպե՞ս կարելի է ընդդիմությանը տալ իրական լծակներ. ««Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի նախագիծը նույնպես պատրաստ է, և մեր սկզբունքի համաձայն` մենք ուզում ենք, որ սա համախոհությամբ մտնի ԱԺ, և այժմ բանակցում ենք խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի այն դառնա միասնական նախագիծ»:

Բացի այդ, «Ժառանգությունը» հերթական անգամ առաջարկելու է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչը նախկինում մի քանի անգամ մերժվել է իշխանության կողմից:

«Այսօր առաջացել են նոր քաղաքական իրողություններ. բոլորիդ հայտնի է, որ թե´ եվրոասոցացման, թե´ Մաքսային/Եվրասիական միության հետ կապված կա հստակ տարանջատում, որ ԼՂՀ-ն կապ չունի որևէ միության հետ, որի մաս կկազմի Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս առիթով կարծիքներ կփոխանակենք մեր գործընկերների հետ: Անշուշտ, այս հարցով կխոսենք նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս