
Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացած են համարվել

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18:00-ի դրությամբ դրանց մասնակցել էր ընտրողների ավելի քան 56 տոկոսը: Ըստ ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուայի` Աբխազիայի նախագահի ընտրությունները կայացած են համարվում: Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 20:00-ին, որից հետո հանձնաժողովի անդամներն անցել են ձայների հաշվարկմանը: Նախնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 25-ին:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններն անօրինական են եւ միջազգային հանրությանը կոչ էր արել դատապարտել դրանք: