Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը հավանաբար կմասնակցի Էդվարդ Նալբանդյանը. Սերժ Սարգսյան
«Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների, հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով: Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը: Իսկ «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի: