Պ. Մակեյան. Հավանական է, որ խոր աշնանը հանրահավաքներ լինեն, հնչեն հոխորտացող, բուռն ելույթներ՝ թատրոնը լիարժեք դարձնելու համար. Tert.am

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ խոր աշնանը լուրջ գործընթացների պետք չէ սպասել, թերևս նա չի բացառում մի քանի բեմադրված ներկայացում՝ իշխանական վարչակազմի սցենարով։

«Կարծում եմ աշնանը որևէ բան մեր հասարակության համար և մեր պետականության համար սպասելը ճիշտ չի լինի, ուղղակի իմիտացիոն պրոցեսներ կարող է լինեն, կարող է և չլինեն, դա կախված է իշխանության ցանկությունից նաև արտաքին քաղաքական իրավիճակից, թե ինչ կպարտադրի իշխող վարչախմբին՝ ներսում որևէ թատերական ներկայացում բեմադրելու համար։ Այնպես որ հանրահավաքներ հավանական է, որ լինեն, կլինեն հոխորտացող, բուռն ելույթներ՝ թատրոնը լիարժեք դարձնելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը, չնայած որ, ըստ նրա, բոլոր հնարավորությունները կան, իրավիճակի փոփոխության համար։

«Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղված՝ առաջին հերթին քաղաքական, որը երկու տասնամյակ շարունակվում է, այսինքն՝ ոչ մի ձև հասարակությանը չի հաջողվում լեգիտիմ իշխանություն ձևավորել և երկրորդը՝ քրեածին օլիգարխիան է, չնայած օլիգարխիան չի կարող լինել ոչ քրեածին։ Երրորդը այդ երկուսի հետևանքն է՝ սոցիալ հոգեբանական վիճակը ուղղորդված տնտեսական անճարակությունից։ Մեր հասարակության կեսն աղքատության մեջ է և ամենակարևորը՝ անարդարության զգացումը, որ տիրում է Հայաստանում։ Այս բոլորը համատեղված՝ յուրաքանչյուր պահի Հայաստանում կարող է լինել իրավիճակի փոփոխություն, և նոր իրավիճակ ստեղծելու շանս, որը պարբերաբար յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո, կարծես թե, հասարակությունը սկսում է փորձել»,- նշեց նա ու բացատրեց՝ չի հաջողվում, քանի որ տարբեր լիդերներ տրվում են իշխանություններին։

«Անունները չեմ թվարկում. հայտնի են։ Հիմա աշնանը սպասվող իրավիճակը սրելու համար բոլոր նախադրյալներն առկա են, բայց վարչախումբն այս բոլորը հասկացել է և պատահական չէ, որ ոչ իշխանական քառյակ ձևավորեց և քանի դեռ, ցավոք սրտի, մեր հասարակության որոշ շերտեր դեռևս հույսեր են փայփայում այդ ոչ իշխանական քառյակից և տրվում այդ ոչ իշխանական քառյակի օլիգարխիային, ապա լավ բան սպասել հնարավոր չէ»,- հավելեց նա։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս