Ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և խաբեությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը 2013 թվականի մարտի 30-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Թելման Սաղաթելյանի դրդմամբ, վթարի փաստի առթիվ նյութերի նախապատրաստելու ընթացքում ՃՏՊ մասնակիցներ Անժելա Ջանգիրյանից և Համլետ Գրիգորյանից բացատրություններ վերցնելիս խեղաթյուրել է վթարի իրական հանգամանքները:
Աշոտ Ասատուրյանն Անժելա Ջանգիրյանին և Համլետ Գրիգորյանին թելադրել է դեպքի իրական փաստական հանգամանքներին հակասող բացատրություններ՝ ՃԵԿ խախտումը վերագրելով վթարում ակնհայտ անմեղ Համլետ Գրիգորյանին:
Խեղաթյուրված եզրահանգումների հիման վրա ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը 2013 թվականի ապրիլի 27-ին կայացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին ապօրինի որոշում, որն օգտագործելով Թելման Սաղաթելյանի և Անժելա Ջանգիրյանի կողմից նախնական համաձայնությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲ ընկերությունից խմբով հափշտակել են խոշոր չափերի հասնող գումար և նշված ընկերությանը խաբեությամբ պատճառել խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Աշոտ Ասատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թելման Սաղաթելյանի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:
Անժելա Ջանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: