Նոր Խաչակապում խմելու ու լողանալու ջուրը ամռանը երազանք են համարվում
asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչների մի մասի համար արդեն տարիներ շարունակ ամռան ամիսները դառնում են քաոսային՝ խմելու եւ ոռոգման ջրի բացակայության պատճառով:
Գյուղին ջրամատակարարում տրված է ամբողջությամբ, սակայն թեքված աշխարհագրական դիրքի պատճառով, գարնան ամիսներից արդեն, երբ սկսվում է դաշտերում ոռոգման շրջանը, գյուղի՝ դեպի ներքեւ թեքված թաղամասի բնակիչները զրկվում են ջրից՝ ստիպված լինելով խմելու եւ կենցաղային խնդիրների լուծման համար նախատեսված ջուրը դույլերով կրել-հասցնել մինչեւ իրենց տները:
«Ջրի ճամփան» հիմնականում կտրում-անցնում են գյուղի առավել տարեց կանայք՝ հաղթահարելով մի քանի կիլոմետր տարածություն: Սրան գումարած, գյուղի այս մասի բնակչության այգիները չորանում են՝ ոռոգման ջուր չունենալու պատճառով:
Այսօր արդեն բնակիչների համբերության բաժակը լցվել է, բազմաթիվ կառույցների ապարդյուն ու անիմաստ դիմելուց հետո, գյուղացիները պահանջում են հանդիպում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ հուսալով, որ գոնե նա վերջ կդնի տարիների խնդրին:
Նոր Խաչակապ համայնքի ղեկավար Սուրիկ Տռուզյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասում է, որ ինքն այս դեպքում անզոր է խնդրին որեւէ լուծում տալ, քանի որ չի կարող գյուղի մի մասին արգելել ոռոգել այգիները՝ մյուս մասին ջուր հասցնելու համար: Բնակիչները, սակայն, համոզված պնդում են, որ ցանկության դեպքում իրենց համայնքի ղեկավարն ինքն էլ կարող է լուծել տարիների խնդիրը, պարզապես, դա իրեն ձեռնտու չէ, քանի որ ինքն էլ ջուր ունեցողների մասում է ապրում:
Մանրամասներն` այստեղ